Չինաստանը օրերս ներկայացրել է վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագիր, որով առաջիկա հինգ տարվա ընթացքում հողմային և արևային էներգիայի արտադրությունը 53%-ով ավելացնելու պարտադիր նպատակային ցուցանիշ է սահմանվում:
Ծրագիրը նախատեսում է մինչև 2030 թվականը վերականգնվող էներգիայի ընդհանուր արտադրության ծավալը հասցնել 1.8 մլրդ տոննա պայմանական վառելիքի՝ 2025 թվականի 1.18 մլրդ տոննայի դիմաց:
Սա առաջին դեպքն է, երբ Չինաստանը «կանաչ» էներգետիկայի իր նպատակային ցուցանիշը դարձրել է պարտադիր:
Ծրագրի համաձայն՝ էներգիայի կուտակման համակարգերով ապահովված հողմային և արևային էներգետիկան մինչև 2030 թվականը պիկային բեռնվածության ժամանակ պետք է ապահովի տեղակայված հզորության 8%-ը:
Վերականգնվող աղբյուրները պետք է նաև ծածկեն էլեկտրաէներգիայի սպառման 20%-ը պահանջարկի կտրուկ աճի ժամանակահատվածներում:
Չինաստանը ծրագրում է մինչև 2030 թվականն ավելացնել վերականգնվող էներգետիկայի ավելի քան 300 գիգավատ պիկային հզորություն:
Խոսքը վերականգնվող էներգիայի այն հզորությունների մասին է, որոնք հնարավոր կլինի գործարկել պահանջարկի աճի ժամանակ:
Ծրագիրը նախատեսում է 150 մլն տոննա պայմանական վառելիքին համարժեք հողմային և արևային էներգիայի օգտագործում էներգետիկ ոլորտից դուրս:
Սա ներառում է վերականգնվող աղբյուրների վրա հիմնված ջեռուցումն ու հովացումը, ինչպես նաև «կանաչ» ջրածնի արտադրությունը:
Չինաստանը նպատակ ունի մինչև 2030 թվականին հիդրոէներգետիկայի հզորությունը հասցնել 570 ԳՎտ-ի՝ 2025 թվականի համար սահմանված 450 ԳՎտ նպատակային ցուցանիշի դիմաց:
Ծրագիրը նախատեսում է խորքային ջրերում ծովային հողմաէներգետիկ բազաների կառուցում:
Պեկինը նախատեսում է իրականացնել վերականգնվող էներգետիկայի մեգաբազաների փորձնական նախագծեր, որոնք կփոխանցեն 100% «կանաչ» էլեկտրաէներգիա:
Global Energy Monitor-ի տվյալներով՝ ներկայում հողմային և արևային էներգետիկան ապահովում է Չինաստանի գերբարձր լարման էլեկտրահաղորդման գծերով փոխանցվող էլեկտրաէներգիայի շուրջ 20%-ը:
Աղբյուր՝ b24.am
