Bankomat

Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաների են դուրս եկել

Լուրեր | 2026/07/11 21:02

Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիաների են դուրս եկել

Բողոքի ակցիաները տեղի են ունեցել Ծառուկյանի ձերբակալության ֆոնին

Կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներ այսօր բողոքի ակցիաների են դուրս եկել՝ պետական մարմիններից պահանջելով բացել կապարակնքված դռներն ու թույլ տալ իրենց շարունակել աշխատել:

Երկուշաբթի՝ Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ խուզարկություններ էին նրան պատկանող բազմաթիվ ընկերություններում: Այնտեղից իրավապահները փաստաթղթեր ու համակարգիչներ առգրավեցին, դռներն էլ կապարակնքեցին:

Այսօր իրենց աշխատանքն էին պահանջում վերականգնել «Մուլտի Վելնես»-ի, «Եվրոմոթորս»-ի, ինչպես նաև «Օլիմպավան» մարզական կենտրոնի աշխատակիցներն ու մարզվողները:

Ըստ մեքենաների վաճառքով ու սպասարկմամբ զբաղվող «Եվրոմոթորս»-ի տնօրեն Աբրահամ Դանագուզյանի՝ քննիչներն առգրավել են իրենց երեք սերվերները՝ խզելով կապը միջազգային գործընկերների հետ:

«Մեր լրիվ աշխատանքը խաթարված է, ո՛չ կարող ենք պատվերներ անել, ո՛չ վաճառել», - պատմել է Դանագուզյանը՝ հավելելով, որ կալանքի տակ են հայտնվել նաև իրենց հաճախորդների 17 մեքենաները, որոնք այդ պահին ընկերությունում են եղել՝ սպասարկման նպատակով:

«Մուլտի Վելնես»-ի աշխատակիցների բողոքի ակցիան, Երևան, 11-ը հուլիսի, 2026թ.

«Օլիմպավան» մարզական կենտրոնում են մարզվում տարբեր մարզաձևերի հայաստանյան և արտասահմանյան հավաքականներ:

ММА-ի մարզիչ Էրիկ Օհանյանի փոխանցմամբ՝ իրենց հավաքականում ընդգրկված մոտ 100 երեխաներ մեկ շաբաթ է զրկված են նորմալ պայմաններում մարզվելու հնարավորությունից, ստիպված բացօթյա պարապմունքներ են անում, այնինչ ММА-ի դեպքում մարզումը տատամիի վրա է:

«Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներն էլ ընդգծում էին, որ շատերը տան վարձը տալու, օրվա հացի խնդիր ու վարկեր ունեն, սակայն իրենց անհասկանալի պատճառներով հարկադիր պարապուրդի են մատնված:

Իրավապահները կապարակնքել էին նաև Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ը, սակայն հինգշաբթի օրը՝ աշխատակիցների բողոքի ակցիայից հետո, նրանց թույլատրեցին վերսկսել աշխատանքը:

Քննչական կոմիտեն Ծառուկյանին մեղադրում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ: Մեղադրանքն առնչվում երկու տարի առաջ բացված Իրանի առևտրի կենտրոնին, որտեղ ներկայացված պետք է լինեին իրանական շուկայի խոշորագույն արտադրողները՝ նավթի, գազի, դեղագործության ու շինարարության ոլորտներում: Առևտրի կենտրոնի ծրագիրը տապալվել է, իրավապահներն էլ պնդում են, թե Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս:

Մինչդեռ Ծառուկյանը պնդում է, որ ի՛նքը պետք է այս գործով տուժող ճանաչվի:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ