Bankomat

Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիաները

Լուրեր | 2026/07/13 23:04

Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիաները

Աշխատակիցները պահանջում են վերադառնալ աշխատանքի

Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ արդեն ուղիղ մեկ շաբաթ է՝ չեն աշխատում, աշխատակիցներն, ըստ էության, հարկադիր պարապուրդի մեջ են. այսօր «Արարատի» կոնյակի, գինու և օղու կոմբինատի աշխատակիցները հավաքվել էին ընկերության կապարակնքված դռան առջև՝ պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը:

«Ուղիղ մեկ շաբաթ է՝ մենք այս անորոշ վիճակում ենք, անհասկանալի, չենք հասկանում՝ ինչ է կատարվում», - ասաց նրանցից մեկը:

Գործարանի հարյուրավոր աշխատակիցներից Գայանե Իսպիրյանը, որն աշխատում է շշալցման արտադրամասում անցած երկուշաբթի տեղի ունեցած իրադարձություններն իր աչքերով է տեսել. առավոտ շուտ իրավապահները եկան ու իրենց թույլ չտվեցին ներս մտնել: Կինը պնդում է՝ թող իրավապահները քննություն անցկացնեն՝ առանց ընկերության աշխատանքը դադարեցնելու:

Այս ընկերությունում արդեն 20 տարի աշխատող Ժասմենա Վեզիրյանը շուրջ 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ամուսինն առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, տանը խնամում են նաև իր 90-անց սկեսրայրին՝ իր ու որդու աշխատավարձով:

«Վաղը բանկի օրն է, ո՞վ է վճարելու մեզ, մենք խնդիրներ կունենանք, դրա համար խնդրում եմ մեր վարչապետին՝ ուղղակի այս հարցին շուտ լուծում տա, մենք ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում», - ասաց նա:

Աշխատավարձերը թեև մինչ իրավապահների գործողությունները հասցրել են ստանալ, սակայն դեռ գումար պետք է փոխանցեն իրենց:

Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 2025-ի տվյալներով 357-րդն է՝ վճարած շուրջ մեկ միլիարդ դրամի հարկերով. իրավապահները գնացին ոչ միայն այս, այլև Ծառուկյաններին պատկանող մի շարք այլ ընկերություններ ու կապարակնքեցին դռները:

«Մուլտի Սթոուն» ընկերության աշխատակիցներն այսօր նույնպես հավաքվել էին՝ պատասխաններ պահանջելով. ե՞րբ կկարողանան աշխատանքի վերադառնալ:

Չի գործում նաև 2025-ի տվյալներով Հայաստանի 80-րդ ամենամեծ ընկերությունը՝ «Փարավոն» ռեստորանը՝ շուրջ 4.5 միլիարդ դրամ վճարած հարկերով. այսօր ռեստորանի ու հարևանությամբ գործող «Մուլտի Գրանդ» հյուրանոցի աշխատակիցները նույնպես ակցիա իրականացրին:

Պահանջը նույնն է՝ վերաբացել ընկերությունները:

Անցած շաբաթ կանգնել էր նաև Արարատի ցեմենտի գործարանի արտադրությունը, սակայն աշխատակիցների բողոքի ակցիայից հետո կառավարության միջամտությամբ թույլատրեցին վերսկսել աշխատանքը:

Այսօր Պետական եկամուտների կոմիտեն Ծառուկյաններին պատկանող գործարանում հարկերից խուսափելու դեպքերի մասին է հայտարարել. հարկային մարմինը պնդում է, թե պետությանը ավելի քան 400 միլիոն դրամի վնաս են հասցրել:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ