Bankomat

Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել

Լուրեր | 2026/07/03 06:02

Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց այս մասին

Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել, որը հնարավորություն կտա Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսն առանց մաքսատուրքերի եվրոպական շուկաներ հասցնել:

«Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք մեծապես ռուսական շուկա են արտահանվում, և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն մարդկանց համար», - հայտարարեց ֆոն դեր Լայենը:

Խոսքը առևտրի ինքնավար միջոցառումների՝ Autonomous Trade Measures-ի կամ ATM-ի մասին է, այս պահին նման ռեժիմով եվրոպական երկրների հետ առևտուր է իրականացնում Մոլդովան:

Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներկրման արգելքի ֆոնին Բրյուսելի այս մտադրությունը, սակայն, կյանքի կկոչվի միայն դրա վերջնական հաստատումից հետո:

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ դա հնարավոր է իրագործել հնարավորինս շուտ:

«Լիահույս եմ, որ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների, մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը», - նշեց վարչապետը:

Այս ընթացքում ռուսական սահմանափակումներին ի պատասխան՝ Բրյուսելը նախ 52 միլիոն եվրոյի աջակցության մասին հայտարարեց:

«Այս ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն», - ասաց Եվրահանձնաժողովի նախագահը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ