Երևանի Ադոնցի 2/6 հասցեի նորակառույցի բնակիչները դժգոհում են՝ 2026 թվականին ապրում են 90-ականների պայմաններում:
Կառուցապատող «Միկշին» ընկերությունը «Երազ» բնակելի թաղամասում 2020-ին սկսել է 6 նոր շենք կառուցել: Դրանցից մի քանիսն, ըստ բնակիչների, պետք է 2024-ի դեկտեմբերին շահագործման հանձնվեին, մյուսները՝ 2025-ի դեկտեմբերին, բայց մինչ օրս դա չի արվել: Չունեն նաև սեփականության վկայականներ. բնակիչները ասում են, որ շատերն այլևս չէին կարող և՛ վարձով ապրել, և՛ հիփոթեք վճարել, կառուցապատողի համաձայնությամբ տեղափոխվել են իրենց բնակարաններ:
Հոսանքն ու ջուրը ստանում են կառուցապատողից, որովհետև դեռ ոչ ՀԷՑ-ի, ոչ էլ «Վեոլիա»-ի բաժանորդ չեն:
«Որպեսզի բնակիչներին ինչ-որ ձև գոհացնի, բանալիները տվել է, բնակիչներից շատերը բնակվում են, իրենց հաշվին հոսանք է տվել, դեռ հաշիվ չի գրել, բայց հաշվիչները և լարերը մեր հաշվին առել ենք, տեղադրել: Ամեն մեկ, երկրորդ շաբաթը մեկ 24 ժամից ավելի անջատվում է վթարային»,- պատմեց բնակիչներից մեկը:
Դավիթ Ստեփանյանը, որ «Միկշին» ընկերության շինարարությունն իրականացնող «Էս Թի Սերվիս»-ի փոխտնօրենն է, «Ազատությանն» ասաց, որ իրենք դիմել են ՀԷՑ, որ բնակիչներին բաժանորդ դարձնեն, սպասում են պատասխանի:
ՀԷՑ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ադոնցի 2/6 շենքի կառուցապատողը տարիներ առաջ է դիմել բաշխման ցանցին միանալու համար, սակայն աշխատանքները ձգձգվել են:
Կադաստրի պետական կոմիտեն մերժել է կառուցապատողի սեփականության իրավունքի գրանցումը՝ փաստաթղթերում անհամապատասխանությունների պատճառով:
Ադոնցի 2/6-ի համալիրն արդեն շուրջ 30-40 տոկոսով բնակեցված է, վեց մասնաշենքերում 391 բնակարան կա:
Աղբյուր՝ www.azatutyun.am
