Ծառուկյանի ձերբակալությունն ու նոր մեղադրանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վաղուց դուրս են եկել սովորական քաղաքական բանավեճի շրջանակներից՝ վերածվելով անձնական ու քաղաքական գոյատևման պայքարի։
2026թ. հուլիսի 6-ին ձերբակալվեց գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ձերբակալությանը նախորդել էին ժամեր տևած խուզարկությունները Ծառուկյանի առանձնատանն ու նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի հասցեներում։
Հաջորդ օրը՝ հուլիսի 7-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ:
Ըստ Քննչական կոմիտեի, Գագիկ Ծառուկյանը և մի քանի իրանցի գործարարներ համատեղ հիմնել են ընկերություններ՝ իրավաբանական անձինք։ Ապա Իրանից Հայաստան են ներկրել 52 միավոր տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ։
«Ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազությունը կասկածելի է համարում Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք գույքերի ձեռք բերման օրինականությունը։ 2023 թվականին Ծառուկյանի ու ընտանիքի անդամների՝ կնոջ, ծնողների, որդիների, հարսի գույքն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում:
Քրիստոսի նոր փորձությունը
Այս ամենին զուգահեռ, անորոշ է նաև Գագիկ Ծառուկյանի ամենահավակնոտ նախագծի ճակատագիրը՝ Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը։ 33 մետր բարձրությամբ (իսկ պատվանդանով՝ շուրջ 77 մետր) մոնումենտալ կոթողի նախագիծը հայտնվել է նաև միջազգային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Այս նախագիծը սկզբից ևեթ բախումների պատճառ դարձավ։ Հայ Առաքելական եկեղեցին կտրականապես դեմ էր՝ Փրկչի արձանի տեղադրումը չի համապատասխանում եկեղեցու դարավոր ավանդույթներին։ Բնապահպաններն ու հնագետներն էլ ահազանգում էին Հատիսի պատմամշակութային շերտերի ու բրոնզեդարյա ամրոցի ավերման մասին։
Այսօր, երբ Ծառուկյանը կրկին կալանավորված է, իսկ նրա ձեռնարկությունների գործունեությունը՝ կասեցված, Հատիսի գագաթին կիսատ մնացած կառուցապատումը ստանում է միանգամայն այլ խորհուրդ։
Քրիստոսի արձանի ճակատագիրը նույնքան մշուշոտ է, որքան ԲՀԿ առաջնորդինը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ։ Հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է։ Հիմնադրումից հետո կուսակցությունը մասնակցել է խորհրդարանական բոլոր ընտրություններին։
ԲՀԿ-ն եղել է երկրորդ ամենաշատ ձայներ ստացած ուժը 2007, 2012, 2017 և 2018 թվականների Ազգային ժողովի ընտրություններում։
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բարգավաճ Հայաստանը հավաքեց 3.9% և իր պատմության մեջ առաջին անգամ չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։
ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական վարույթի նախաձեռնությունը նրա թիմակիցները քաղաքական հետապնդում են համարում։
Այսպիսով, Փաշինյանի և Ծառուկյանի հակամարտությունը, կարծես, հասել է գագաթնակետին։
Աղբյուր՝ hetq.am
