Արտադրանքի զգալի մասը տարիներ շարունակ հիմնականում Ռուսաստան արտահանող հայաստանցի բիզնեսմեններն ու բեռնափոխադրողներն արձագանքում են Փաշինյան-Պուտին երեկվա հանդիպմանը: Հույս ունեին, որ հայկական ապրանքների արտահանման խնդիրների ու վերջին ամիսներին առաջացած սահմանափակումների մասին քննարկում կլինի, բայց հրապարակային հատվածում այդ մասին խոսք չեղավ:
Հայկական գյուղմթերք արտահանող «Ֆրեշ Լայն» ընկերության համար, ռուսական շուկան տարիներ շարունակ արտահանման հիմնական ուղղությունն է եղել։ Մայիսից, երբ Ռուսաստանը փուլային սահմանափակումներ սկսեց հատկապես հայկական գյուղմթերքի ուղղությամբ, այս ընկերությունը նույնպես ֆինանսական խնդիրների առաջ կանգնեց:
Ընկերության հիմնադիր Գևորգ Ղուկասյանն ասում է՝ պետության տրամադրած սուբսիդիոն աջակցությամբ կարողանում են իրենց արտադրանքն արտահանել Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա և Լեհաստան:
«Կարծում եմ՝ նույնիսկ երբ Ռուսաստանը բացվի մեր համար, պետությունը կպահի էս սուբսիդիայի պայմանները և այլն, որպեսզի մենք վաղը, մյուս օրը դիվերսիֆիկացիան ավելի զարգացնենք», - ասաց Ղուկասյանը:
Ռուսական շուկան, սակայն, ավելի հարմար էր ոչ միայն այս ընկերության, այլև ձկնաբույծների համար, որոնք անցած ամիս բողոքի ակցիա էին անում կառավարության առջև:
«Մաքս Ֆիշ» ընկերության հիմնադիր Արմեն Կարապետյանը, որ նաև ձկնաբույծների ասոցիացիայի վարչության անդամ է, Փաշինյան-Պուտին հաջորդ հանդիպումից լավ լուր սպասում:
Կարապետյանն ասաց՝ փաստաթղթերի ձևակերպման փուլն անցել են, շուտով իր ընկերության շուրջ 50 տոննա ծիածանափայլ իշխանը կուղարկեն Եվրոպա՝ միջնորդ կազմակերպության աջակցությամբ, բայց սա չի նշանակում, որ իրենց վիճակը լավ է:
«ՄԱՊ» ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը հիշեցնում է՝ գինու և կոնյակի մի քանի ընկերություն է ընկել ռուսական սահմանափակումների տակ, թեև ըստ նրա՝ «ՄԱՊ»-ն այդ ցանկում չկա, բայց ապրանքը Մոսկվա հասցնելու լուրջ խնդիրներ կան:
Պետրոսյանը պատմեց՝ Վրաստանը շարունակում է իր սահմանով Ռուսաստան գնացող հայկական խմիչքից նմուշներ վերցնել ու շաբաթներով սպասեցնել:
Հայկական ապրանքները շուրջ երեք տասնամյակ Ռուսաստան տեղափոխող բեռնափոխադրողը, որը գերադասում է չներկայանալ, հույս ունի, որ Ռուսաստանը Հայաստանի համար իր շուկան ամբողջությամբ չի փակել:
Պաշտոնական վիճակագրությամբ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու արտահանումների հիմնական ուղղությունը:
Աղբյուր՝ www.azatutyun.am
