ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև արտահանման գործընթացի կազմակերպման, լոգիստիկ երթուղիների, ֆիտոսանիտարական պահանջների հետ կապված հարցերին։ Արման Խոջոյանը ներկայացրել է Կառավարության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով Ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման և հայկական թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման առնչվող հարցերը։
Նա նաև ներկայացրել է Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներուժը, երկրում արտադրվող թարմ բանջարեղենի և ծաղիկների տեսականին, դրանց որակային առավելությունները և արտահանման առկա հնարավորությունները, ինչպես նաև առաջարկել դիտարկել ԱՄԷ հանքային ջրի արտահանման հնարավորությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ծաղիկ և թարմ բանջարեղեն արտադրող, լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ։ Վերջիններս ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, արտադրանքի տեսականին, արտահանման փորձն ու համագործակցության հնարավորությունները՝ անդրադառնալով նաև մատակարարման կազմակերպման և շուկայի պահանջներին համապատասխանելու հարցերին։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը, պահպանել գործարար կապերը և տեղեկատվության փոխանակման միջոցով մշակել հետագա համագործակցության գործնական ուղղությունները՝ նպաստելով Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։
Համագործակցության գործնական հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով հուլիսի 17-ին Արման Խոջոյանը և ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլան, ինչպես նաև գործարար պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են մի քանի ջերմատնային տնտեսություններ՝ տեղում ծանոթանալու արտադրական և արտահանման կարողություններին, փաթեթավորման, սառնարանային պահպանման ու լոգիստիկ ենթակառուցվածքներին։
Աղբյուր՝ mineconomy.am
