Կառավարությունն ընդունել է որոշում, որով առկա ուսուցման մեջ ընդգրկված անձինք ևս հնարավորություն կունենան դառնալ ինքնազբաղվածության խթանման ծրագրի շահառու։
Որոշմամբ հստակեցվում են այն կազմակերպությունների նկատմամբ պահանջները, որոնց հետ պետք է հրապարակային օֆերտայի պայմանագրեր կնքվեն: Մասնավորապես՝ սահմանվում է, որ վերջին տասը տարվա ընթացքում կազմակերպությունն առնվազն 2 տարի պետք է իրականացրած լինի բիզնես դասընթացների կազմակերպման և բիզնես ուղեկցման գործունեություն, որն էլ հավաստվի համապատասխան փաստաթղթերի (պայմանագիր, հանձման-ընդունման ակտ կամ արձանագրություն կամ այլ հավաստող փաստաթղթեր) առկայությամբ:
Որոշմամբ առաջարկվում է, որպեսզի ծրագրի շահառուն հարթակում կատարի նշում ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ներքին գործերի նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և այնպիսի մարմիններում, որոնց աշխատողների մասով գործում է տեղեկատվության սահմանափակ հասանելիության ռեժիմ, աշխատանքային գործունեություն չիրականացնելու մասին և տա համաձայնություն նշված տեղեկատվությունը ստուգելու վերաբերյալ։
Առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսված կարգավորումների համաձայն՝ ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում շահառուն սահմանված կարգով պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում, որտեղ նշում կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի՝ ծրագրի պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարթակում՝ տվյալների շտեմարանների փոխգործելիությամբ անձի տվյալների համադրման միջոցով։
Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ դրամաշնորհը կտրամադրվի գործարար ծրագրով նախատեսված գումարի 30%-ի չափով շահառուի կողմից ներդրում կատարելը հավաստվելուց հետո, ընդ որում, շահառուի կողմից ներդրումները կարող են լինել դրամական կամ գույքային (հիմնական միջոցներ, տարածքի տրամադրում)։
Գլխավոր լուսանկարը՝ ԵՊՀ ֆեյսբուքյան էջից
Աղբյուր՝ hetq.am
