Թուրքիայի սահմանամերձ շրջանի բնակիչները, որոնք հիշում են, թե ինչպիսին էր իրենց առօրյան տասնամյակներ առաջ, երբ սահմանը բաց էր, հիմա սպասում են իշխանությունների որոշմանը և հուսով են՝ սահմանները կվերաբացվեն։
«Սահմանի բացումը շատ լավ կլիներ, շատ լավ կլիներ։ Այսինքն, մենք արդեն տարիներ շարունակ ուզում ենք, որ այս սահմանը բացվի։ Որպեսզի լավ բարեկամական հարաբերություններ ունենանք, մեր գնալ-գալը հանգիստ լինի»,- ասում են նրանք։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն, առայժմ չեն իրագործվել։ Տարիներ առաջ կողմերը պայմանավորվել են սահմանները բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Մինչ այս պահը նորություն չկա։
Սահմանի այս կողմում ապրող մարդիկ հիշում են, թե ինչպես էին շփվում հայերի հետ, այժմ կարծում են՝ սահմանի բացումը նոր շունչ կհաղորդի տարածաշրջանին:
«Այսօր մենք ապրում ենք երկրի արևելքում՝ ամենավերջին քաղաքում։ Դրանից հետո այլ քաղաք չկա։ Այս սահմանի բացումը մեծ ներդրում կունենա և՛ մեր նահանգի, և՛ տարածաշրջանի ժողովրդի, և՛ մանր ձեռներեցների, և՛ առևտրի համար։ Այսօր առևտրի առումով մեր գործարարներն ուզում են այստեղ ներդրումներ անել»։
Թուրք պաշտոնյան, այդուհանդերձ, ընդգծում է՝ քաղաքական որոշում պետք է լինի։
Հունիսի սկզբին Կարս էին այցելել 5 տասնյակից ավելի հայ գործարարներ, նրանց հյուրընկալել էր Կարսի արդյունաբերական պալատի նախագահ Քադիր Բոզենը։ Նրա խոսքով՝ համատեղ ֆորումի ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն են առանձնացրել:
«Հանդիպմանը ներկա են եղել մոտ 57 գործարարներ Հայաստանից, որոնք ներկայացնում էին տարբեր ոլորտներ՝ տեքստիլ, հանքարդյունաբերություն, շինանյութեր, սնունդ և ծաղկի բիզնես։ Շփումները շատ արդյունավետ են եղել, և արդեն կան որոշակի գործնական քննարկումներ ու պայմանավորվածություններ։ Հիմնական և առաջնահերթ ոլորտներն են՝ տարածաշրջանային զբոսաշրջությունը, ռեստավրացիան (շինությունների վերականգնումը), սննդի արդյունաբերությունը, շինարարությունը և տեքստիլը»։
Աղբյուր՝ www.azatutyun.am
