Bankomat

ԱՄՆ-ն Ուկրաինային խնդրել է չհարձակվել երրորդ երկրների լցանավերի վրա

Լուրեր | 2026/07/26 00:04

ԱՄՆ-ն Ուկրաինային խնդրել է չհարձակվել երրորդ երկրների լցանավերի վրա

Ուկրաինայի վերջին հարվածները վնասել են Chevron-ի շահերը

Միացյալ Նահանգների վարչակազմը զգուշացրել է Ուկրաինային, որ Ռուսաստանին չպատկանող լցանավերի վրա հարձակումներն անընդունելի են՝ Chevron կորպորացիայի ղեկավարի դիմումից հետո, որի շահերը, մասնավորապես Ղազախստանում, տուժել են Ուկրաինայի վերջին հարվածներից։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին։

Խոսքը մասնավորապես Ռուսաստանի տարածքում գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) օբյեկտների մասին է։ Վերջին հարվածներից մեկի ընթացքում վնասվել է Chevron-ի վարձակալված լցանավը։

Դրանից հետո ընկերության ղեկավար Մայք Վիրթը բանակցություններ է վարել Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ և խնդրել է ազդել Ուկրաինայի վրա, որպեսզի հրաժարվեն նման հարձակումներից։ Chevron-ը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային ընկերություններ, բաժնեմաս ունի ԿԽԿ-ում։ Հուլիսի 19-ի հարվածներից հետո Նովոռոսիյսկի տերմինալում հում նավթի բեռնման աշխատանքները սահմանափակվել են, ինչն իր հերթին հանգեցրել է Ղազախստանի նավթահանքերում արդյունահանման ծավալների նվազմանը։

Աղբյուրների պնդմամբ՝ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է Ուկրաինային, որ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումը դիտարկում է որպես ղազախական ծագման էներգակիրների՝ եվրոպական շուկաներ մատակարարման կարևորագույն ուղի, որը ծառայում է որպես ռուսական էներգակիրների այլընտրանք, և դրա օբյեկտների նկատմամբ հարվածներն անթույլատրելի է համարում։

Պարբերականը նշում է, որ խողովակաշարը և այն նավթահանքերը, որոնցում Chevron-ը նույնպես բաժնեմաս ունի, չեն վնասվել, սակայն արդյունահանման երկարատև կրճատումը վտանգի տակ կդնի ընկերության եկամուտները։ Ավելի վաղ Ուկրաինան հարվածել էր ԿԽԿ-ի օբյեկտներին, ինչին կտրուկ արձագանքել էին Ղազախստանից։ Կիևում հայտարարել էին, որ հարվածներն ուղղված չեն այդ երկրի դեմ և հարվածները հասցվում են Ռուսաստանի տարածքի օբյեկտներին։ Պաշտոնական Կիևը WSJ-ի այս հրապարակումը դեռևս չի մեկնաբանել։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ