Bankomat

240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը

Լուրեր | 2026/07/28 10:01

240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը

ՀՀ Ազգային ժողովը 240 միլիոն դրամ է հատկացրել ՄԱԶԾ-ին՝ ծրագրի շրջանակներում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՔՊ-ական պատգամավորների (որոշ բացառություններով՝ նաև ընդդիմադիր) Դիլիջան և Ծաղկաձոր սեմինարների համար պետությունը վճարել է մոտ 630 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարը հատկացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին (ՄԱԶԾ/UNDP) 2024 թվականի ֆինանսավորման համաձայնագրով, ըստ որի ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պարտավորվել է ՄԱԶԾ-ին հատկացնել 240,600,000 դրամ։

Վճարման ժամանակացույցը նախատեսում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին և 2026 թվականի դեկտեմբերի 25-ին կվճարվի 120,300,000 դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչի համար է այս գումարը փոխանցվել, ինչ արդյունքներ պետք է ապահովի ծրագիրը և որքանով է հիմնավորված պետական այդ ծախսը։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը հայտնել է, որ ֆինանսական փոխանցման հիմքը 2024 թվականի մայիսի 7-ին կնքված համաձայնագիրն է, որը վերաբերում է «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրին։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 3.19 մլն ԱՄՆ դոլար։

Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը՝ վերապատրաստման, փորձագիտության և խորհրդատվության միջոցով։ Սակայն ՄԱԶԾ-ի պաշտոնական նկարագրությունը ցույց է տալիս, որ ծրագիրը նախատեսում է նաև բարձրացնել խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավել հանրության հետ հաղորդակցությունը, ուժեղացնել խորհրդարանական վերահսկողությունը, աջակցել օրենսդրական գործընթացին և մեծացնել հանրային վստահությունը խորհրդարանի նկատմամբ։

ԱԺ-ի պատասխանը մրցակցային ընթացակարգի վերաբերյալ պարզաբանել է, որ ծրագրի միակ իրականացնողը ՄԱԶԾ-ն է, ուստի մրցույթ չի իրականացվել։

ԱԺ աշխատակազմը նշել է, որ ծախսի անհրաժեշտության բոլոր հիմնավորումները ներկայացված են «2026 թվականի ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում։ Սակայն բյուջետային փաստաթղթերում չի ներկայացվում, թե 240.6 մլն դրամի դիմաց կոնկրետ որ ծառայության արժեքն ինչքան է։

Ծրագրի արդյունավետությունը, ըստ ԱԺ-ի, չափելի չէ, քանի որ պատգամավորները ՄԱԿ-ի և պետության միջոցներով հանգստի են մեկնել կուրորտային քաղաքներ, որտեղ մասնակցել են դասընթացների։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ