Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին համալիրը, որը հանրությանը հայտնի է նաեւ որպես «կլոր շենք», կարող է քանդվել: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սրա համար նախադրյալներ է ստեղծում:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, վերջերս հրապարակվել էր Կառավարության 2004 թ. 1616-Ն որոշման մեջ փոփոխություն անելու նախագիծը: Այլ կերպ ասած՝ գործադիրը ցանկանում է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից հանել «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Փոփոխություն անելու նախագիծը կազմել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը:
Ըստ նախագծի հիմնավորման՝ այս տարվա հունվարի 22-ին Կառավարությունը հավանություն է տվել իր եւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի Corporacion America ընկերության միջեւ 2001 թ. դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացմանը:
Այս վերջին լրացմամբ Կառավարությունը համաձայնել է պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2067 թ. դեկտեմբերի 31-ը, այսինքն՝ կոնցեսիայի ժամկետը երկարացվել է եւս 35 տարով:
Նախատեսվում է հին մասնաշենքի արդիականացում եւ գործառնական վերափոխում
Նշված ծրագրի շրջանակներում, ինչպես հայտնել է ՏԿԵՆ-ը, նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին մասնաշենքի արդիականացում եւ գործառնական վերափոխում՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության եւ շահագործման նորմատիվային պահանջներին:
ՏԿԵՆ-ը նաեւ նշել է, որ ներկայում հին համալիրը չի օգտագործվում իր սկզբնական նշանակությամբ ու չի համապատասխանում գործող օդանավակայանային ենթակառուցվածքների տեխնիկական եւ անվտանգային պահանջներին:
«Գտնում ենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը՝ որպես տրանսպորտային ենթակառուցվածք, նպատակահարմար չէ ընդգրկել վերոնշյալ ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան, քանի որ այդ հանգամանքը խոչընդոտում է օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցման եւ գործառնական արդիականացման աշխատանքների իրականացմանը»,- նախագծի հիմնավորման մեջ հայտնել է ՏԿԵՆ-ը:
Մաստեր պլանը կարելի է համարել զարգացման ծրագիր կամ տեսլական առաջիկա տարիների համար:
2025-ի դեկտեմբերին «Հետքն» անդրադարձել էր այս թեմային:
2025-ի սեպտեմբերին ամերիկյան Forbes հանդեսն անդրադարձել էր Հայաստանի տնտեսությանը:
Տարեվերջին պարզվեց, որ «Զվարթնոցը» ուղեւորահոսքի ռեկորդ է սահմանել:
Կոնցեսիոները «Զվարթնոցի» հին համալիրը քանդելու ծրագիր վաղուց ուներ
Դեռեւս 2013-2017 թթ. մաստեր պլանում ««Հայաստան» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ծրագրում էր քանդել «Զվարթնոցի» «կլոր շենքը»: Քանդման «պլանի» տակ էր նաեւ հին VIP մասնաշենքը:
Այս աշխատանքներն, ըստ մաստեր պլանի, պիտի իրականացվեին 2014-2016 թթ.:
Ստորեւ կարող եք տեսնել «Զվարթնոցի» հին եւ նոր (գործող) ուղեւորային համալիրների արբանյակային պատկերները 2015-2026 թթ.:
«Կլոր շենքը» հուշարձանների ցուցակում ներառվել է 1 տարի առաջ
«Զվարթնոցի» «կլոր շենքը» քանդելու դեմ մասնագիտական եւ հանրային դիմադրության ու ճնշման արդյունքում 2018-ի իշխանափոխությունից շատ չանցած՝ հուլիսի 11-ին, փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց Հայաստանի գլխավոր օդանավակայանի հին մասնաշենքին ու երեւանյան մի շարք այլ հայտնի կառույցների պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալուն:
Այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը միայն 2025 թ. օգոստոսի 14-ին «Զվարթնոցի» հին մասաշենքը ներառեց Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
«Արթուր Թարխանյան կենտրոնը» (ճարտարապետ Ա. Թարխանյանը «Զվարթնոցի» հեղինակներից է) հայտարարել է, որ խստորեն դատապարտում է ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու:
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հայկական ժամանակակից ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն է:
Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը վերանայել «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման մաստեր պլանը եւ, առաջնորդվելով օրենսդրության պահանջներով, պահպանել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը՝ որպես հայկական ճարտարապետական եւ մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ»,- հայտարարել է կենտրոնը:
Աղբյուր՝ hetq.am
