Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) նշել է հանքագործների և մետալուրգների օրը: Տոնական միջոցառումների շրջանակներում ընկերության ղեկավարությունը ներկայացրել է արտադրության արդիականացման համար նախատեսված մեծ ներդրումները և մրցանակներ է հանձնվել 18 աշխատակցի, ովքեր բարձր արդյունքներ են ցուցաբերել:
Միջոցառումը սկսվել է Կաջառանի մշակույթի տան բակում, որտեղ կազմակերպվել էին ավանդական քաջառանական քաղցրավենիքներ և տոնավաճառ: Միաժամանակ բացվել է լուսանկարչի և կոմբինատի երկարամյա աշխատակցի Նվեր Զելյանի անհատական լուսանկարների ցուցահանդես:
Տոնի առթիվ ներկայացվել են նաև Կապանի երկրաբանության թանգարանի ցուցանմուշները, որոնք պատմում են տարածաշրջանի հանքարդյունաբերության զարգացման մասին:
ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ընդգծել է, որ ընկերության բոլոր հաջողությունների հիմքում մարդկանց աշխատանքն է: Նա նշել է, որ անցած տարվա և 2026 թվականի առաջին կեսի ընթացքում ընկերությունը մոտ 50 միլիարդ դրամ է ներդրել սարքավորումների ձեռքբերման և արտադրական ակտիվների արդիականացման համար:
«Սա ներդրումներ են ընկերության ապագայի, արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման համար: Ավելի քան 7 միլիարդ դրամ ուղղվել է սոցիալական ծրագրերի իրականացման և համայնքների աջակցության համար», - ասել է նա:
Խուդոլին հավելել է, որ 2026 թվականին կոմբինատը կարևոր քայլեր է ձեռնարկել կորպորատիվ կառավարման և կայուն զարգացման ոլորտում:
ԶՊՄԿ-ն միակ ընկերությունն է Հայաստանում, որը միացել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրին, և վերջին երկու տարիների ընթացքում ընկերության ESG վարկանիշը բարելավվել է 20 միավորով:
Աղբյուր՝ finport.am
