
Յունիբանկի ընդհանուր 6,9 մլրդ դրամ անվանական ծավալով դրամային հավերժական պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ AMX-ում, և ներառվել են պարտատոմսերի Bbond երկրորդային ցուցակում։ Այս մասին հայտնել է բանկի մամուլի ծառայությունը։
Բանկի տեղեկացմամբ՝ նշված պարտատոմսերով թույլատրվել են հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։ Դա ներդրողներին հնարավորություն է տալիս գործիքն օգտագործել նաև երկրորդային շուկայում։
Թողարկման տարեկան կուպոնային եկամտաբերությունը առաջին 36 ամիսների համար սահմանվել է 13,25% մակարդակում։ Դրանից հետո կկիրառվի լողացող տոկոսադրույք։
Թողարկումը նախատեսված էր Յունիբանկի բաժնետերերի համար՝ ընդլայնելով նրանց երկարաժամկետ ներդրումային հնարավորությունները։ Բանկը հիշեցնում է, որ 2025 թվականին հենց Յունիբանկն է Հայաստանում առաջինը թողարկել հավերժական պարտատոմսեր։
Բանկի գնահատմամբ՝ նոր գործիքի ներդրումը կարևոր իրադարձություն էր Հայաստանի արժեթղթերի շուկայի համար և նպաստում է կապիտալի շուկայի զարգացմանը։ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված՝ բանկի թողարկած պարտատոմսերի ընդհանուր ծավալը արդեն գերազանցում է 50 մլրդ դրամը։
Աղբյուր՝ armbanks.am
