Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի՝ միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը որպես կորպորատիվ դոնոր։ Բանկի հաղորդմամբ՝ նախաձեռնության նպատակը պատերազմից և հարկադիր տեղահանությունից տուժած երեխաներին ու ընտանիքներին աջակցելն է։

Հավաքագրված միջոցները կուղղվեն ճամբարի մասնակիցների համար ժամանցային և զարգացման ծրագրերի կազմակերպմանը, մասնագիտական հոգեբանական աջակցության տրամադրմանը, ինչպես նաև ծրագրի ընդլայնմանը։
Որպես գլխավոր հովանավոր՝ Յունիբանկը նախաձեռնությանը աջակցում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում։ Global Run-ի թիմեր արդեն ձևավորվել են մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Նյու Յորքում, Նիցցայում, Փարիզում, Շանհայում, Սիդնեյում, Տոկիոյում, Տորոնտոյում և Ցյուրիխում։
AGBU Global Run-ը՝ ի աջակցություն Camp Nairi-ի, կմեկնարկի սեպտեմբերի 13-ին Երևանում՝ Հրազդանի կիրճում 5 կմ վազքով։ Դրանից հետո նախաձեռնությանը կմիանա ևս 21 քաղաք ամբողջ աշխարհում։
Բանկում նշում են, որ AGBU-ի հետ գործընկերությունն ու Camp Nairi-ի աջակցությունը արտացոլում են Յունիբանկի այն մոտեցումը, ըստ որի՝ երեխաների բարեկեցության նկատմամբ հոգատարությունն ու նրանց զարգացման հնարավորությունների ստեղծումը կարող են փոխել նրանց կյանքը դեպի լավը և նպաստել ավելի բարեկեցիկ ապագայի ձևավորմանը։
Յունիբանկը 25 տարի համատեղում է ֆինանսական հաստատության գործունեությունը հասարակության հանդեպ պատասխանատու մոտեցման հետ։ Սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությունը բանկի գործունեության կարևոր ուղղություններից է, իսկ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթության, երիտասարդության զարգացման և սպորտի ոլորտների նախագծերին։
Camp Nairi-ին աջակցելով՝ Յունիբանկը նպաստում է, որպեսզի ավելի շատ երեխաներ հաղթահարեն ապրած դժվարությունները, բացահայտեն նոր հնարավորություններ և ապագային նայեն ավելի մեծ վստահությամբ ու հույսով։
Աղբյուր՝ arka.am
