Bankomat

Գետահովիտում արքայանարնջի այգին դարձել է ընտանեկան բիզնեսի հիմք

Լուրեր|2026/10/16 08:02
Գետահովիտում արքայանարնջի այգին դարձել է ընտանեկան բիզնեսի հիմք

Փառանձեմ Ադամյանի ընտանիքը Տավուշում զարգացնում է այգեգործությունն ու չրի արտադրությունը։

Տավուշի մարզի Իջեւանի Գետահովիտ համայնքում Փառանձեմ Ադամյանի ընտանիքը տարիների ընթացքում արքայանարնջի այգին վերածել է ընտանեկան բիզնեսի հիմքի։ Հոկտեմբերը նրանց համար տարվա ամենապատասխանատու շրջանն է, երբ մեկնարկում է բերքահավաքը, իսկ աշխատանքային օրը հաճախ սկսվում է վաղ առավոտից եւ ավարտվում ուշ գիշերին։

Փառանձեմ Ադամյանը մասնագիտությամբ ֆիզիկոս ու բուսաբան է։ Նա սովորել է ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի Բնական գիտությունների ֆակուլտետում, ապա ուսումը շարունակել ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Նրա խոսքով՝ երազանքներն ու ծրագրերը միշտ կապել է Տավուշի եւ հարազատ գյուղի հետ։

Ընտանիքը 2008 թվականից սկսել է մտածել, թե ինչ ծառ տնկել, որպեսզի այգին հետագայում եկամտի աղբյուր դառնա։ Սկզբում փորձել են սեւ սալոր աճեցնել, սակայն տեղական շուկայում իրացումը բարդ է եղել։ Դրանից հետո ընտրել են արքայանարինջը, վարկ են վերցրել, ավելացրել անասունների քանակը եւ այդ միջոցներով շարունակել զարգացնել տնտեսությունը։

Առաջին տարիները, Փառանձեմի խոսքով, հեշտ չեն եղել. ծառերը չորացել են, եւ ընտանիքը փորձել է հասկանալ պատճառները։ Նա որդու հետ մասնակցել է Անգլիայից հրավիրված մասնագետների դասընթացներին, որից հետո արդեն սեփական այգում փորձարկել են ծառերի էտի տարբեր մեթոդներ։ Ժամանակի ընթացքում հասկացել են, որ աշնանային էտն ավելի արդյունավետ է, եւ դրա արդյունքում պտղի քաշը 100-120 գրամից հասել է 300-350 գրամի։

Այգու աշխատանքը միայն արքայանարնջով չի սահմանափակվում։ Մինչեւ հոկտեմբեր ընտանիքը պատրաստում է սեւ սալորի չիր, ապա մշակում թուզ, դեղձ, պնդուկ եւ ընկույզ։ Արդեն երեք տարի է՝ տանը կից արտադրամասում նաեւ չիր են արտադրում, թեեւ, ինչպես նշում է Փառանձեմը, Տավուշի խոնավ կլիման այդ գործը դարձնում է ավելի բարդ, իսկ արքայանարնջի չիրը պատրաստվում է մոտ 15 օրում։

Աղբյուր՝ mediamax.am

Տարածել

Կարդացեք նաեվ