Վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է քննարկի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները։ Համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am-ում։
Փաստաթղթի համաձայն՝ աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում պետք է գտնի առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակները և հստակեցնի հետագա քայլերը։ Խմբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։
Աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հանդիպմանը։ Կողմերը համաձայնել էին համատեղ ձևաչափով քննարկել կուտակված հարցերը։
Վերջին շրջանում Երևանը առաջարկում էր, որ Հայկական երկաթուղիների կառավարումը փոխանցվի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Ռուսական կողմը, իր հերթին, արձագանքել էր, որ կոնցեսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող է ետ պահանջել կատարած ներդրումները՝ 400 միլիոն դոլարը։
Միևնույն ժամանակ, Փաշինյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «մենք խնդիր չունենք ռուսական կոնցեղիայի հետ, մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ»։ Նրա խոսքով՝ ՌԴ-ից ասել են, որ կլուծեն երկաթուղին մրցունակ դարձնելու հարցը, և հայկական կողմը համաձայնել է այդ մոտեցմանը։


Աղբյուր՝ www.azatutyun.am
