
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ Camp Nairi-ի աջակցությամբ՝ միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը որպես կորպորատիվ դոնոր։ Այդ մասին հայտնել է բանկի մամուլի ծառայությունը։
Նախաձեռնության նպատակը պատերազմից և հարկադիր տեղահանությունից տուժած երեխաներին ու ընտանիքներին աջակցելն է։ Հավաքագրված միջոցներն ուղղվելու են ճամբարի մասնակիցների ժամանցի և զարգացման ծրագրերի կազմակերպմանը, մասնագիտական հոգեբանական օգնությանը, ինչպես նաև ծրագրի ընդլայնմանը։
Գլխավոր հովանավորի կարգավիճակով Յունիբանկը նախաձեռնությունն աջակցում է թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի այլ երկրներում։ Global Run-ի թիմեր ձևավորվել են բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Barcelona, Brussels, Los Angeles, London, New York, Nice, Paris, Shanghai, Sydney, Tokyo, Toronto, Zurich և այլուր։
AGBU Global Run-ը՝ Camp Nairi-ի աջակցությամբ, կմեկնարկի սեպտեմբերի 13-ին Երևանում՝ 5 կմ վազքով Հրազդանի կիրճում, որից հետո էստաֆետը կընդունեն աշխարհի ևս 21 քաղաքներ։
Բանկում նշում են, որ AGBU-ի հետ գործընկերությունն ու Camp Nairi-ի աջակցությունը արտացոլում են Յունիբանկի համոզմունքը, ըստ որի՝ երեխաների բարեկեցության մասին հոգատարությունն ու նրանց զարգացման հնարավորությունների ստեղծումը կարող են փոխել նրանց կյանքը դեպի լավը և նպաստել ավելի բարեկեցիկ ապագայի ձևավորմանը։
Յունիբանկը նշում է, որ արդեն 25 տարի համատեղում է ֆինանսական հաստատության գործունեությունը հասարակության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի հետ։ Սոցիալապես կարևոր նախաձեռնություններին աջակցությունը բանկի գործունեության կարևոր ուղղություններից է, իսկ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կրթության, երիտասարդության զարգացման և սպորտի ոլորտների նախագծերին։
Camp Nairi-ին աջակցելով՝ Յունիբանկը, բանկի գնահատմամբ, օգնում է ավելի շատ երեխաների հաղթահարել ապրած դժվարությունները, բացահայտել նոր հնարավորություններ և ապագային նայել ավելի մեծ վստահությամբ ու հույսով։
Աղբյուր՝ armbanks.am
