Աշխարհաքաղաքականությունը երբեմն փոխվում է ոչ թե պայմանագրի ստորագրմամբ, այլ ապրանքի ծագման երկրի փոփոխությամբ։ Օգոստոսի 29-ին Ռուսաստանը մինչև սեպտեմբերի վերջ երկարաձգեց դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Պաշտոնական պատճառը ներքին շուկայի կայունացումն է։ Իրական պատճառը ավելի խոսուն է՝ ուկրաինական հարվածներից հետո ռուսական նավթավերամշակման մի շարք հզորություններ խափանվել են, և աշխարհի խոշորագույն էներգետիկ արտահանողներից մեկը ստիպված է սահմանափակել վառելիքի արտահանումը՝ սեփական պահանջարկը բավարարելու համար։
Հայաստանի համար այս պատմության կարևոր մասը, սակայն, Ռուսաստանում չէ։ Այն Ադրբեջանում է։ Այս տարի Ադրբեջանից Հայաստան արդեն մատակարարվել է մոտ 15 հազար տոննա դիզել և 5 հազար տոննա բենզին։ Ծավալները դեռ համեստ են, սակայն քաղաքական իմաստը՝ ոչ։ Ամիսներ առաջ ադրբեջանական վառելիքի մուտքը հայկական շուկա անհավանական կթվար։ Այսօր հարցն արդեն ոչ թե այն է՝ հնարավո՞ր է դա, այլ՝ սեպտեմբերին որքանո՞վ կաճի ներմուծումը։ Սա Հարավային Կովկասի փոփոխվող աշխարհատնտեսության փոքր, բայց չափազանց ճշգրիտ ցուցիչն է։
Երեք տասնամյակից ավելի Հայաստանի տնտեսական աշխարհագրությունը ձևավորվել է երկու փակ սահմանների շուրջ։ Թուրքիան և Ադրբեջանը փակ էին, Իրանի հնարավորությունները՝ սահմանափակ, Վրաստանը՝ հիմնական տարանցիկ դարպաս։ Այդ պայմաններում Ռուսաստանը դարձավ ոչ միայն Հայաստանի գլխավոր անվտանգային գործընկերը, այլ նրա տնտեսական կենսագործունեության կարևոր հանգույցներից մեկը՝ գազից ու վառելիքից մինչև երկաթուղի, շուկա, աշխատանքային միգրացիա և դրամական փոխանցումներ։ Աշխարհագրական մեկուսացումը արտադրում էր ռուսական կախվածություն, իսկ ռուսական կախվածությունը քաղաքական արժեք ուներ։ Հիմա այդ մեխանիզմը սկսում է քայքայվել։
Պատմության հեգնանքն այն է, որ դրան նպաստում է հենց Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում։ Ուկրաինական հարվածները վնասում են ռուսական վերամշակման հզորությունները, Մոսկվան սահմանափակում է արտահանումը, իսկ նախկին գնորդները փնտրում են այլընտրանքներ։ Թուրքիան արդեն կտրուկ մեծացրել է ամերիկյան և հնդկական դիզելի ներմուծումը։ Հայաստանը կարող է նույն ճնշման տակ արագացնել սեփական մատակարարումների բազմազանեցումը։
Բայց ադրբեջանական վառելիքի հայտնվելը հայկական շուկայում ավելի կարևոր իրողության մասին է։ Խաղաղությունը սկսում է ապրանք դառնալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երեսուն տարի խաղաղության տնտեսական շահառուներ գրեթե չեն եղել։ Չեն եղել արտադրողներ, փոխադրողներ, առևտրականներ ու սպառողներ, որոնց համար սահման փակելը նշանակեր անմիջական ֆինանսական կորուստ։ Հետևաբար պատերազմն ու խաղաղությունը հիմնականում եղել են պետությունների և բանակների գործը։ Առևտուրը փոխում է այդ հավասարումը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական ինտեգրման հանճարեղությունը հենց այստեղ էր։ Ֆրանսիացիներին և գերմանացիներին պարզապես չասացին՝ այլևս չենք պատերազմելու։ Ածուխն ու պողպատը միացրին այնպես, որ հաջորդ պատերազմի տնտեսական գինը բարձրանա, իսկ խաղաղության շահառուների թիվը՝ մեծանա։ Հայաստանն ու Ադրբեջանը Ֆրանսիա ու Գերմանիա չեն, և Հարավային Կովկասը հետպատերազմական Եվրոպա չէ։ Բայց տնտեսական տրամաբանությունը համընդհանուր է։
Աղբյուր՝ www.1in.am
