Wildberries-ի 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ Հայաստանում առցանց առևտրի մի շարք ուղղություններ արագ աճ են գրանցել։ Ընկերության գնահատմամբ՝ այս ընթացքում հարթակում հայաստանյան վաճառողների թիվն ավելացել է 60%-ով, իսկ նրանց առաջարկած տեսականին՝ 28%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Աճի տեմպերով առաջատար է դարձել սննդամթերքը, որտեղ վաճառքներն աճել են 286%-ով։ «Սպասք և պարագաներ» կատեգորիայում աճը կազմել է 133%, կենցաղային ապրանքներում՝ 116%, իսկ աքսեսուարներում՝ 108%։
Դրական դինամիկա են ցույց տվել նաև կենցաղային քիմիան (+79%), գեղեցկության ապրանքները (+43%), ավտոաքսեսուարներն ու լրացուցիչ սարքավորումները (+43%), էլեկտրոնիկայի աքսեսուարները (+31%) և խաղալիքները (+29%)։ Առանձին ապրանքատեսակների թվում առավել նկատելի աճ է արձանագրվել սպասք լվանալու միջոցների նկատմամբ։
Արագ աճող ապրանքների շարքում Wildberries-ը առանձնացնում է նաև մաքրման միջոցները, պայուսակները, լուծվող և հատիկավոր սուրճը, սպունգները, ավտոմեքենայի խնամքի միջոցները, քսուքներն ու բանալիների կախազարդերը։ Ընկերությունը նշում է, որ նման պատկերն արտացոլում է պահանջարկի աճը ինչպես ամենօրյա օգտագործման, այնպես էլ տան, անձնական սպառման, ավտոմեքենայի և տեխնիկայի հետ կապված ապրանքների նկատմամբ։
Wildberries-ի՝ Հայաստանում վաճառքի բաժնի ղեկավար Մարտա Մոսիյանի խոսքով՝ վաճառողներին կարևոր է գնահատել ոչ միայն տոկոսային աճը, այլև պահանջարկի իրական ծավալը, սեզոնայնությունն ու վաճառքների կայունությունը։ Նրա խոսքով՝ նոր ապրանքատեսակները նպատակահարմար է նախ փորձարկել փոքր խմբաքանակներով, ապա փաստացի արդյունքների հիման վրա աստիճանաբար ընդլայնել տեսականին։

Աղբյուր՝ b24.am
