Bankomat

Wall Street-ի շահույթը կիսամյակում աճել է 51.3%-ով

Լուրեր|2026/10/07 11:28
Wall Street-ի շահույթը կիսամյակում աճել է 51.3%-ով

Նյու Յորքի ֆինանսական վերահսկիչի գնահատմամբ՝ տարեկան արդյունքը կարող է գերազանցել 90 մլրդ դոլարը։

Wall Street-ի ֆինանսական հաստատությունների նախահարկային շահույթը 2026 թվականի հունվար-հունիսին կազմել է 45.9 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 30.4 մլրդ դոլարի դիմաց։ Այդպիսով, աճը կազմել է 51.3%, ասվում է Նյու Յորք նահանգի ֆինանսական վերահսկիչ Թոմաս Դինապոլիի զեկույցում։

Կարգավորիչի տվյալներով՝ կիսամյակային արդյունքը դարձել է դիտարկումների ամբողջ պատմության ռեկորդը և արդեն գերազանցել է 2026 թվականի համար նախկինում տրված ամբողջ տարվա կանխատեսումը։ Ավելի վաղ սպասվում էր, որ տարեկան շահույթը 30%-ով կնվազի և կկազմի 45.3 մլրդ դոլար։

Եթե ներկայիս միտումը պահպանվի, տարվա արդյունքներով Wall Street-ի ֆինանսական հաստատությունների շահույթը կարող է անցնել 90 մլրդ դոլարի սահմանը և գերազանցել նախորդ տարվա 65.1 մլրդ դոլար ռեկորդը։ Դինապոլին նշել է, որ ոլորտին աջակցել են արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա ծախսերի բումը, միաձուլումների և կլանումների ակտիվացումը, ինչպես նաև առևտրային գործառնությունների մեծ ծավալները։

Նրա խոսքով՝ նույնիսկ աշխարհաքաղաքական լարվածության և տնտեսական անորոշության պայմաններում ոլորտը պահպանել է կայունությունը։ Զեկույցը վերաբերում է Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) գրանցված ընկերությունների բրոքերային-դիլերական գործառնությունների նախահարկային շահույթին։ Ներկայում այդպիսի ընկերությունների թիվը 168 է, մինչդեռ 2007 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ դրանց թիվը գերազանցում էր 200-ը։

Wall Street-ի ֆինանսական հաստատությունների ներդրումը Նյու Յորք նահանգի բյուջեում 2026 ֆինանսական տարում, որն ավարտվել է մարտին, կազմել է առնվազն 26.3 մլրդ դոլար։ Սա 28.5%-ով ավելի է տարեկան կտրվածքով և ներառում է ինչպես ընկերությունների, այնպես էլ դրանց աշխատակիցների վճարած հարկերը։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ