Bankomat

Volkswagen-ը 16 մլրդ եվրոյի վերակազմավորում է քննարկում

Լուրեր|2026/09/11 15:17
Volkswagen-ը 16 մլրդ եվրոյի վերակազմավորում է քննարկում

Ծրագիրը կարող է ներառել մինչև 60 հազար աշխատատեղի կրճատում և Գերմանիայում գործարանների փակում։

Volkswagen-ը պատրաստում է մոտ 16 մլրդ եվրոյի վերակազմավորման ծրագիր, որի նպատակը ծախսերի կրճատումն ու բիզնեսի արդյունավետության բարձրացումն է։ Spiegel-ը և Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, գրում են, որ կոնցեռնը քննարկում է խոշոր փոփոխություններ ինչպես աշխատուժի, այնպես էլ արտադրական հարթակների մասով։

Ըստ հրապարակումների՝ ծրագրի շրջանակում ամբողջ աշխարհում կարող է կրճատվել մինչև 60 հազար աշխատատեղ։ Ընդ որում, մոտ 10 մլրդ եվրո նախատեսվում է հատկացնել աշխատակիցներին վճարվող հատուցումներին և կրճատումների հետ կապված այլ ծախսերին։

Մնացած շուրջ 6 մլրդ եվրոն կարող է պահանջվել Գերմանիայում չորս ձեռնարկությունների հնարավոր փակման համար։ Խոսքը Էմդենում, Ցվիկաուում, Նեկարզուլմում և Հանովերում գտնվող գործարանների մասին է։ Աղբյուրների գնահատմամբ՝ Էմդենի և Ցվիկաուի գործարանների փուլային փակումը Volkswagen-ի համար կարժենա մոտ 1 մլրդ եվրո՝ յուրաքանչյուրի դեպքում, իսկ Նեկարզուլմում և Հանովերում արտադրության դադարեցումը՝ ևս 2-ական մլրդ եվրո։

Ընկերությունում նման քայլերի անհրաժեշտությունը կապում են Չինաստանի հետ աճող մրցակցության, բարձր մաքսատուրքերի և արտադրական հզորությունների ավելցուկի հետ։ Այդ պայմաններում վերակազմավորումը ներկայացվում է որպես գոյատևման և շահութաբերության պահպանման միջոց։

Handelsblatt-ի տվյալներով՝ Volkswagen-ը հաշվարկում է, որ վերակազմավորման արդյունքում մինչև տասնամյակի վերջ կկարողանա խնայել գրեթե 31 մլրդ եվրո։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին նաև, որ VW-ի գործարաններից մեկը կարող է վերափոխվել հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության համար։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ