Viva-ի աջակցությամբ «Առաջ դեպի քայլ» կենտրոնում ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխանող զգայական ինտեգրման սենյակ։ Նախագիծը մշակվել և կահավորվել է մանրակրկիտ ուսումնասիրության հիման վրա՝ համադրելով միջազգային փորձը և տեղական պայմաններին հարմարեցված լուծումները։
Տարիներ շարունակ պահեստային տարածք հանդիսացած հատվածը վերափոխվել է միջավայրի, որը նպաստում է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների զարգացմանը։ Սենյակում կիրառվել են մասնագիտացված սարքավորումներ և տեխնոլոգիական լուծումներ, որոնք ունեն թե՛ թերապևտիկ, թե՛ կրթական նշանակություն։
Սենյակի կարևոր բաղադրիչներից է Tobii eye-gaze համակարգը, որը մասնագետներին օգնում է իրականացնել դիտարկում և գնահատում, իսկ աուտիզմ ունեցող երեխաների համար ծառայում է նաև որպես հաղորդակցման միջոց։ Համակարգը թույլ է տալիս ճշգրիտ գնահատել երեխայի տեսողական հաղորդակցությունը, ուշադրության մակարդակը և արտաքին ազդակներին արձագանքելու կարողությունը, ինչպես նաև կառավարել սենյակի ինտերակտիվ տարրերը՝ անձրևի էֆեկտը, գունավոր ջրային խողովակը և ինտերակտիվ երկինքը։
«Ինչ տեսա ներսում, ինձ հիմք է տալիս ասել, որ մեր համագործակցությունը հաջողված է։ Ստեղծվել է գործունակ համակարգ, որը միավորում է թերապիան, ուսուցումը և զգայական կարգավորումը», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ նախագիծը երկարաժամկետ ազդեցություն կունենա երեխաների, մասնագետների և ծնողների համար։
«Consort World»-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, օժանդակ տեխնոլոգիաների փորձագետ Camille Matta-ն նշել է, որ նոր սենյակը մասնագետներին հնարավորություն է տալիս աշխատել ոչ թե ենթադրությունների, այլ գրանցված տվյալների հիման վրա։ Նրա խոսքով՝ դա օգնում է արագ մշակել անհատական միջամտության պլաններ, նվազեցնել երեխաների սթրեսը և բարձրացնել թերապիայի արդյունավետությունը։


Աղբյուր՝ en.b24.am
