Bankomat

Visa-ի հետազոտությունը ցույց է տվել Հայաստանի զբոսաշրջային հոսքերի նոր միտումները

Լուրեր|2026/09/10 23:01
Visa-ի հետազոտությունը ցույց է տվել Հայաստանի զբոսաշրջային հոսքերի նոր միտումները

Visa Visitor Dynamics-ը արձանագրել է օտարերկրյա այցելուների աճ և ծախսային վարքագծի փոփոխություններ։

Visa-ը, որը թվային վճարումների համաշխարհային առաջատարներից է, սեպտեմբերի 9-ին ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Visa Visitor Dynamics հետազոտության արդյունքները։ Դրանք ներկայացվել են Երևանում անցկացված միջոցառման ընթացքում, որին մասնակցել են պետական հատվածի, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ հետազոտությունն ուսումնասիրում է ճանապարհորդների վարքագծի և նրանց ծախսերի կառուցվածքի փոփոխությունները։ Արդյունքները ցույց են տալիս, որ 2024-2026 թվականներին Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել է 55%-ով։ Միևնույն ժամանակ զբոսաշրջային հոսքերը շարունակում են հիմնականում կենտրոնացված մնալ Երևանում, որտեղ ժամանակ է անցկացնում այցելուների շուրջ 60%-ը։

Հետազոտությունը մշակվել է Visa Consulting & Analytics (VCA) ստորաբաժանման կողմից։ Այն հիմնված է Visa քարտերով իրականացված գործարքների ագրեգացված և անանունացված տվյալների վրա, որոնք օգտագործվել են արտասահմանյան ծախսերի, զբոսաշրջիկների վարքագծի և ժողովրդագրական կառուցվածքի օրինաչափությունները բացահայտելու համար։ Այս համադրությունը հնարավորություն է տալիս հասկանալ, թե որ երկրներից են ժամանում այցելուները, ինչպես են նրանք ծախսում Հայաստանում, և ինչպիսի սեզոնային ու տարածքային պատկեր է ձևավորվում երկրի զբոսաշրջային շուկայում։

Հիմնական բացահայտումները

Visa-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը, Միացյալ Արաբական Էմիրությունները և Վրաստանը շարունակում են մնալ Հայաստան զբոսաշրջային հոսք ապահովող հիմնական շուկաներից։ Միաժամանակ Չինաստանը առաջին անգամ ներառվել է առաջին տասնյակում, ինչը վկայում է այցելուների աշխարհագրության աստիճանական դիվերսիֆիկացման մասին։

Առանձնապես ընդգծվում է նաև Visa քարտերից օգտվող օտարերկրյա այցելուների թվի աճը։ 2024-2026 թվականներին այդ ցուցանիշը մեծացել է 55%-ով, ինչը, ընկերության գնահատմամբ, խոսում է ներգնա զբոսաշրջության և առանցքային շուկաներից սպառողական ծախսերի կայուն ընդլայնման մասին։

Միևնույն ժամանակ հետազոտությունը մատնանշում է ինչպես հնարավորությունները, այնպես էլ սահմանափակումները։ Շուրջ 60% ճանապարհորդներ այցելում են միայն Երևան, մինչդեռ Դիլիջանը և Գյումրին, ըստ ուսումնասիրության, դեռևս լիարժեք բացահայտված ուղղություններ չեն։ Բացի այդ, արտահայտված սեզոնայնություն կա. օգոստոսին այցելությունների թիվը մոտ 40%-ով ավելի բարձր է, քան փետրվարին։

Visa-ի տարածաշրջանային մենեջեր Կովկասի և Մոլդովայի երկրներում Դիանա Կիգուրաձեն նշել է, որ Հայաստանի զբոսաշրջային հատվածը շարունակում է ցուցադրել վստահ աճ՝ ինչպես օտարերկրյա հյուրերի թվի, այնպես էլ նրանց ծագման երկրների ցանկի ընդլայնման հաշվին։ Նրա խոսքով՝ Visa-ը ձգտում է համագործակցել տեղական գործընկերների հետ, որպեսզի այս տվյալների հիման վրա բարձրացվի սպասարկման որակը և ապահովվի զբոսաշրջության ավելի մասշտաբային ու կայուն զարգացում։

Visa Consulting & Analytics-ի ավագ փոխնախագահ և CEMEA տարածաշրջանի ղեկավար Նիկոլաս Խուրին ընդգծել է, որ այցելուների նախընտրությունների և տարբեր ուղղությունների հետ նրանց փոխգործակցության ըմբռնումը վճռորոշ նշանակություն ունի պահանջարկը լիարժեք բավարարելու համար։ Նրա խոսքով՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև Հայաստանում Visa քարտերից օգտվող օտարերկրյա այցելուների թիվը կայուն աճում է, Հայաստանի համար մի շարք խոշոր շուկաներից եկող զբոսաշրջիկները այլ երկրներ այցելելիս մեկ քարտի հաշվով դեռ ավելի շատ են ծախսում։ Սա, ըստ նրա, հնարավորություն է ստեղծում տեղական բիզնեսի և ամբողջ զբոսաշրջային էկոհամակարգի համար՝ այցելուների Հայաստանում գտնվելու ընթացքում այդ ծախսերի ավելի մեծ բաժին ներգրավելու նպատակով։

Ընկերությունը նշում է, որ աջակցում է Հայաստանի զբոսաշրջային տնտեսության զարգացմանը՝ կիրառելով տվյալահեն վերլուծություն, մշակութային զբոսաշրջության նախաձեռնություններ և նորարարական վճարային լուծումներ։ Visa-ը նաև շարունակում է զարգացնել իր պրեմիում վճարային առաջարկները՝ ճանապարհորդությունն ու հանգիստն ավելի հարմար և բովանդակալից դարձնելու համար։

Նյութում հիշեցվում է, որ Visa (NYSE: V) գործում է ավելի քան 200 երկրում և տարածքում՝ ապահովելով վճարային գործարքներ սպառողների, բիզնեսի, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև։ Հայաստանում Visa և Mastercard միջազգային քարտերի թողարկումն ու սպասարկումը սկսվել է 2001 թվականից։ Այժմ գրեթե բոլոր հայկական բանկերը թողարկում և սպասարկում են այդ քարտերը, իսկ Visa քարտերը պահպանում են առաջատար դիրքը՝ մոտ 3 մլն հատ կամ քարտերի ընդհանուր թվի շուրջ 53%։

2026 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանում գործել է 1401 ATM, որոնցից 908-ը՝ Երևանում, 493-ը՝ մարզերում։ POS-տերմինալների թիվը հասել է 109,493 հազարի, որոնցից 6,258 հազարը վիրտուալ vPOS-եր են։ Դրանց մեծ մասը կիրառվում է մեծածախ և մանրածախ առևտրի կետերում, ինչպես նաև հանրային սննդի և ծառայությունների ոլորտում՝ հյուրանոցներում, ռեստորաններում, սրճարաններում և բիստրոներում։ 2022 թվականից Հայաստանում գործարկվել են նաև Apple Pay և Google Pay վճարային ծառայությունները Visa և MasterCard քարտերով անհպում վճարումների համար։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ