Ucom-ը դարձել է Հայաստան-Մեծ Բրիտանիա բիզնես ֆորում 2026-ի պաշտոնական գործընկերը։ Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 5–6-ին Երևանում և մեկ հարթակում կհավաքի Հայաստանի և Միացյալ Թագավորության բիզնեսի, կառավարության, ֆինանսների, կրթության և նորարարության ոլորտների ղեկավարներին։
Կազմակերպիչների ներկայացմամբ՝ ֆորումը նպատակ ունի խթանել նոր գործարար կապերն ու երկարաժամկետ գործընկերությունները։ Քննարկումների առանցքում կլինեն ներդրումները, ենթակառուցվածքները, կրթությունն ու մարդկային կապիտալը, արհեստական բանականությունը, deep tech-ը և զարգացող տեխնոլոգիաները, ինչպես նաև հայ-բրիտանական բիզնես համագործակցության նոր հնարավորությունները։
Ընկերությունում նշում են, որ միջազգային փորձի, գաղափարների և մասնագիտական կապերի փոխանակումը կարևոր դեր ունի Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական զարգացման համար։ Ucom-ը, իր հերթին, իրեն դիտարկում է որպես տեխնոլոգիական գործընկեր միջազգային աճի համար՝ հենվելով տվյալների աճող հզորությունների, կապի ենթակառուցվածքների և մասշտաբավորվող թվային հնարավորությունների վրա։
«Ucom-ի համար կարևոր է աջակցել այն հարթակներին, որոնք միավորում են տարբեր ոլորտների առաջատար մասնագետների և հնարավորություն ստեղծում նոր գաղափարների ու գործընկերությունների համար։ Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս տեխնոլոգիաների, նորարարության և ենթակառուցվածքների ոլորտներում միջազգային համագործակցությանը, քանի որ այսօր դրանք երկրի երկարաժամկետ մրցունակության առանցքային շարժիչներից են», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Oxford Alumni Business Club of Armenia (OABCA)-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանն էլ նշել է, որ նման նախաձեռնությունների ուժը տարբեր ոլորտների և կազմակերպությունների համախմբման մեջ է։ Նրա խոսքով՝ Ucom-ի նման գործընկերների ներգրավումը նպաստում է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև նոր բիզնես կապերի և համագործակցության հնարավորությունների ձևավորմանը։
Հայաստան-Մեծ Բրիտանիա բիզնես ֆորում 2026-ի հիմնական ծրագիրը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ Dvin Music Hall-ում։ Սպասվում է ավելի քան 800 հրավիրյալ մասնակից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից ավելի քան 100 պատվիրակ, ինչպես նաև ավելի քան 25 բանախոս։ Ֆորումը կազմակերպում է Oxford Alumni Business Club of Armenia-ը։
Աղբյուր՝ www.pan.am
