
Ucom-ը շարունակում է բջջային ցանցի զարգացման և արդիականացման լայնածավալ ծրագիրը՝ աստիճանաբար մեծացնելով 5G ծածկույթն ու բարելավելով կապի որակը Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում։
Ընկերության հաղորդմամբ՝ ենթակառուցվածքների արդիականացման արդյունքում Ucom-ը ներկայում ապահովում է Հայաստանում ամենալայն 5G ծածկույթը։ 5G ցանցն արդեն հասանելի է 48 քաղաքում և ավելի քան 600 բնակավայրում, ինչպես նաև հիմնական ավտոճանապարհների երկայնքով և սահմանային անցակետերում։ Այդպիսով հուսալի շարժական կապը հասանելի է բնակչության 94.6%-ին։

Ցանցի զարգացումը, ըստ ընկերության, չի սահմանափակվում միայն նոր 5G բազային կայանների տեղադրմամբ։ Ծրագիրը ներառում է նաև գործող ենթակառուցվածքների փուլային արդիականացում, ցանցի տարողունակության աճ և աշխատանքի շարունակական օպտիմալացում։ Ucom-ում նշում են, որ այս քայլերը թույլ են տալիս սպասարկել աճող տվյալահոսքը, ապահովել ավելի բարձր արագություններ և պահպանել կապի կայունությունը՝ հատկապես մեծ ծանրաբեռնվածություն ունեցող գոտիներում։
«Ucom-ի համար 5G-ի զարգացումը պարզապես քարտեզի վրա նոր ծածկույթի գոտիներ ավելացնել չէ։ Մարդիկ ավելի ու ավելի հաճախ են ապավինում շարժական ինտերնետին աշխատանքի, կրթության, ժամանցի, ճանապարհորդության և առօրյա ծառայությունների համար, և ցանցը պետք է զարգանա այդ պահանջներից առաջ։ Այդ պատճառով մենք շարունակում ենք ներդրումներ անել ոչ միայն ծածկույթի ընդլայնման, այլև մեր ցանցի ընդհանուր որակի և հնարավորությունների բարելավման ուղղությամբ։ Մեր նպատակն է ստեղծել ենթակառուցվածք, որը պատրաստ կլինի բավարարել ոչ միայն այսօրվա, այլև առաջիկա տարիների թվային պահանջները»,- ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ը նաև շարունակում է համագործակցությունը Nokia-ի հետ՝ հաջորդ սերնդի հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ուղղությամբ։ Խոսքը վերաբերում է 5G-ի հետագա զարգացմանը, ցանցի ավտոմատացմանը, արհեստական բանականության կիրառմանը և ապագա ինքնավար ցանցային լուծումներին։
Ընկերությունում ընդգծում են, որ Nokia-ի հետ համագործակցությունը միտված է ոչ միայն գործող ցանցի տեխնիկական հնարավորությունների ընդլայնմանը, այլև այնպիսի ենթակառուցվածքի ձևավորմանը, որը կարող է արագ հարմարվել տվյալների սպառման աճին, նոր թվային ծառայությունների զարգացմանը և ապագա տեխնոլոգիական պահանջներին։
Աղբյուր՝ www.pan.am
