Bankomat

Ucom-ը դարձել է Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Լուրեր|2026/10/02 14:06
Ucom-ը դարձել է Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Համաժողովը հոկտեմբերի 5-6-ը Երևանում կհավաքի ավելի քան 800 մասնակից։

Ucom-ը՝ Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Ucom-ը միացել է Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ին որպես պաշտոնական գործընկեր։ Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 5-6-ը Երևանում և կհամախմբի Հայաստանի ու Միացյալ Թագավորության բիզնեսի, պետական կառավարման, ֆինանսական, կրթական և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներին։

Համաժողովի նպատակն է մեկ հարթակում հավաքել բիզնես առաջնորդների, ներդրողների, քաղաքականություն մշակողների և նորարարների՝ նոր գործարար կապերի և երկարաժամկետ գործընկերությունների ձևավորմանը նպաստելու համար։ Քննարկումները կենտրոնանալու են ներդրումների, ենթակառուցվածքների, կրթության և մարդկային կապիտալի, արհեստական բանականության, ինչպես նաև խորքային և զարգացող տեխնոլոգիաների վրա։

Ընկերության գնահատմամբ՝ միջազգային փորձի, գաղափարների և կապերի փոխանակումը կարևոր է Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական զարգացման համար։ Ucom-ը նշում է, որ իր ընդլայնվող տվյալների փոխանցման կարողությունները, զարգացած կապի ենթակառուցվածքը և թվային լուծումների պորտֆելը կարող են աջակցել միջազգային աճին և նոր հնարավորությունների իրացմանը տարբեր շուկաներում։

«Ucom-ի համար կարևոր է աջակցել հարթակների, որոնք միավորում են տարբեր ոլորտների առաջատար մասնագետներին և հնարավորություն են ստեղծում նոր գործընկերությունների ու գաղափարների համար։ Հատկապես կարևոր ենք համարում տեխնոլոգիաների, նորարարության և ենթակառուցվածքների շուրջ միջազգային համագործակցությունը, քանի որ դրանք այսօր երկրի երկարաժամկետ մրցունակության առանցքային գործոններից են», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանի խոսքով՝ նման նախաձեռնությունների ուժը տարբեր ոլորտների և կազմակերպությունների համախմբման մեջ է։ Նրա խոսքով՝ Ucom-ի նման գործընկերների ներգրավումը նպաստում է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև նոր գործարար կապերի ձևավորմանը։

Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026-ի հիմնական ծրագիրը նախատեսված է հոկտեմբերի 6-ին «Դվին» մյուզիք-հոլում։ Կազմակերպիչների տվյալներով՝ միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 800 հրավիրված մասնակից, այդ թվում՝ ավելի քան 100 ներկայացուցիչ Միացյալ Թագավորությունից, ինչպես նաև 25-ից ավելի խոսնակներ։ Համաժողովը կազմակերպում է Oxford Alumni Business Club of Armenia-ն։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ