Արհեստական բանականության բումի ֆոնին ԱՄՆ-ում տվյալների կենտրոնների նկատմամբ հասարակական դիմադրությունը տարածվում է նաև Եվրոպա և Ասիա։ CNBC-ի փոխանցմամբ՝ տեղական համայնքները ավելի հաճախ մտահոգություն են հայտնում էլեկտրաէներգիայի, ջրի և հողօգտագործման ծավալների շուրջ, ինչը նոր ռիսկեր է ստեղծում ներդրողների համար։
STL Partners-ի գնահատմամբ՝ Եվրոպայում հանրային դիմադրությունն արդեն ազդել է տվյալների կենտրոնների շուրջ 42 միլիարդ դոլարի ներդրումների վրա՝ դրսևորվելով նախագծերի հետաձգումներով և չեղարկումներով։ ԱՄՆ-ում համադրելի ցուցանիշը մոտ 77 միլիարդ դոլար է։ HEC Paris-ի դոցենտ Օլիվյե Դարմունին CNBC-ին ասել է, որ այս ճնշումը կարող է դառնալ այն գործոնը, որը վերջնականապես կխախտի հավասարակշռությունը։
European Data Center Monitor-ի տվյալներով՝ Եվրոպայում հունվարից ապրիլ մերժվել կամ սահմանափակվել է ավելի քան 70 նախագիծ, ինչը գերազանցում է ամբողջ 2025 թվականի ցուցանիշը։ Զեկույցը նշում է, որ հակազդեցությունը տեղական քննարկումներից տեղափոխվել է դատարաններ, կարգավորող մարմիններ և խորհրդարաններ։
Առանձնապես նկատելի քայլեր են արձանագրվել մի շարք երկրներում։ Շոտլանդիան դադարեցրել է նոր hyperscale data center-ների պլանավորման հաստատումները, Դանիան ընդունել է արտակարգ օրենք, որով նման օբյեկտները կարող են հայտնվել էլեկտրացանցին միանալու հերթի վերջում, իսկ Իսպանիան առաջարկել է կանոններ, որոնց համաձայն տվյալների կենտրոնները պետք է իրենց էլեկտրաէներգիայի 80%-ը ստանան վերականգնվող աղբյուրներից։ Միացյալ Թագավորությունում ևս նախագծեր են կանգ առել տեղական դիմադրության պատճառով։
Հիմնական մտահոգությունները վերաբերում են ջրի սպառմանը, էլեկտրաէներգիայի պահանջարկին, սակագների վրա ազդեցությանը և մեծ տարածքների օգտագործմանը։ Ըստ Դարմունիի՝ AI-ի օգուտները տարածվում են լայն շրջանակում, մինչդեռ բեռը հաճախ կրում են կոնկրետ համայնքները, որոնք իրենց կողքին տեսնում են մեծ ռեսուրսներ սպառող ենթակառուցվածքներ՝ սահմանափակ տեղական տնտեսական արդյունքով։
CNBC-ն գրում է, որ նման լարվածություն աճում է նաև Հարավային Կորեայում, որտեղ ազգային իշխանությունները ցանկանում են արագացնել AI ենթակառուցվածքների զարգացումը, բայց տեղական մակարդակում դիմադրությունն ուժեղանում է։ Սա խորացնում է հակասությունը կառավարությունների AI հավակնությունների և համայնքների դիմադրության միջև։


Աղբյուր՝ www.cnbc.com
