Bankomat

Թրամփի ու Հանրապետական կուսակցության շռայլ դոնորը՝ TRIPP+ ֆոնդի ղեկավար

Լուրեր | 2026/07/20 02:02

Թրամփի ու Հանրապետական կուսակցության շռայլ դոնորը՝ TRIPP+ ֆոնդի ղեկավար

Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է TRIPP+ ֆոնդի ղեկավար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող MAGA կոմիտեին անցյալ տարի 11 մլն դոլար նվիրաբերած Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է ամերիկյան պետական TRIPP+ Enterprise Fund-ի ղեկավար, որը պատրաստվում է 201 մլն դոլար ներդնել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Ի՞նչ կապ ունի այս նշանակումը Հայաստանի հետ, եւ ովքե՞ր են իրականում թաքնված շարժական կապի ոլորտում հայկական խոշորագույն ակտիվի հետեւում։

Կ. Սոկոլովը հրեական ծագումով ԱՄՆ քաղաքացի, ծնունդով պետերբուրգցի գործարար է: Մարդ, որի անունը օրերս կրկին դարձավ լայն քննարկման թեմա հատկապես մամուլում: Բայց այս անգամ խոսքը ոչ այնքան բիզնեսի, որքան քաղաքականության մասին էր:

201 մլն դոլար՝ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի մասնավոր հատվածին

Բրիտանական The Guardian-ը, հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակին, հայտնել է, որ TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդը (Enterprise fund), որն իր անունը ստացել է TRIPP նախագծից (Trump Route for International Peace and Prosperity կամ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման), լիազորված է 201 մլն դոլարի ներդրումներ կատարել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, այսինքն՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում:

Ներդրումների նպատակը լինելու է այս երկրների մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման խթանումը, իսկ ներդրումներ ասելով՝ պետք է հասկանալ վարկերի տրամադրում, բաժնետիրական ներդրումներ եւ դրամաշնորհներ:

TRIPP+ ֆոնդը TRIPP նախագծի կառավարիչը չէ

Տարակարծություններից խուսափելու համար անհրաժեշտ է շեշտել, որ TRIPP+ ֆոնդը կապ չունի TRIPP նախագծի կառավարման հետ:

2026-ի հունվարի 13-ին Հայաստանի ու ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հրապարակած փաստաթղթից պարզ դարձավ, որ կողմերը հիմնելու են TRIPP-ի ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումն ապահովող ընկերություն՝ TRIPP Development Company («ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն»): Դրա 26 %-ի բաժնետերը լինելու է ՀՀ-ն, իսկ 74 %-ինը՝ ԱՄՆ-ն, ավելի կոնկրետ՝ TRIPP Development Company US-ը, որը հիմնադրվելու է ԱՄՆ Դելավեր քաղաքում եւ լինելու է այդ երկրի պետական գործակալության՝ ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ կամ DFC- US International Development Finance Corporation) դուստր ընկերություն:

TRIPP-ի իրականացման վերաբերյալ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ռազմավարական համագործակցության համաձայնագիր նախաստորագրեցին այս տարվա մայիսի 26-ին Երեւանում, իսկ ստորագրումը եղավ հունիսին հեռավար կարգով:

Հուլիսի 16-ին կայացած Կառավարության նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ «ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու նպատակով ստեղծվում է ամերիկյան ներդրումային ընկերություն, որի անունը TRIPP+ է։ Իրավական առումով սա մեր «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» հետ միջնորդավորված եւ անուղղակի կապ ունի։ TRIPP+ կոչվող ամերիկյան ներդրումային ընկերության ղեկավարը նշանակված անձ է (նկատի ունի Սոկոլովին – հեղ.)»:

Ինչու՞ է ֆոնդի ղեկավար նշանակվել հենց Կոնստանտին Սոկոլովը

The Guardian-ը, հղում անելով ԱՄՆ արտաքին աջակցության 4 փորձագետների, նշել է, որ ձեռնարկատիրական ֆոնդերի տնօրենների խորհրդի անդամներին ընտրելը սովորական պրակտիկա է Սպիտակ տան համար: Ընդ որում՝ նշանակված անձինք հաճախ կապեր են ունեցել ԱՄՆ վարչակազմի հետ:

Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ ձեռնարկատիրական ֆոնդերի ծրագրի նախկին աշխատակից Դոն Նիսը նկատել է, որ ԱՄՆ կառավարության նման մոտեցումը տրամաբանական է, փոխարենը խնդիր է, երբ քաղաքական կապեր ունեցող այդ մարդիկ փորձ չեն ունենում ներդրումային բանկային գործունեության, մասնավոր կապիտալի կամ այն ոլորտներում, որոնց առնչվող ներդրումների հետ պետք է գործ ունենան:

Այս առումով Սոկոլովի անցյալը, ըստ էության, խոսում է նրա օգտին: 51-ամյա գործարարի անձնական կենսագրության մեջ նշվում է, որ ղեկավարել է պետական հարստության ֆոնդերի եւ կենտրոնական բանկերի վերակազմավորման նախագծեր, աջակցել է ընկերությունների ցուցակագրմանը աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում եւ հանդես եկել որպես ռազմավարական խորհրդատու կառավարությունների ու խոշոր ընկերությունների համար:

Բայց կա մի բան, որի մասին Սոկոլովի անձնական կենսագրության մեջ չի ասվում, չնայած հայտնի է բաց աղբյուրներից: Ըստ ԱՄՆ ֆեդերալ ընտրական հանձնաժողովի՝ 2025-2026 թթ. Սոկոլովը բավական ակտիվ է եղել տարբեր քաղաքական արշավների նվիրատվություն կատարելու հարցում:

Եթե 2008 թ. հոկտեմբերին Սոկոլովն ընդամենը 3600 դոլար է փոխանցել նախագահի թեկնածու Բարաք Օբամայի ընտրարշավին, ապա 2025-ին 11 մլն դոլար է նվիրաբերել ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող MAGA (Make America Great Again) կոմիտեին: 2026 թ. մարտին էլ Սոկոլովը 443 հազար դոլար է փոխանցել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնին՝ Հանրապետական ազգային կոմիտեին:

Սոկոլովի հետքը հայկական տնտեսության մեջ

Կոնստանտին Սոկոլովի մասին «Հետքը» առաջին անգամ գրել է 2024-ի տարեսկզբին, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ նա Հայաստանում շարժական կապի խոշորագույն օպերատոր «Վիվա Հայաստան» ընկերության շահառու սեփականատերերից մեկն է:

Սակայն նրա եւ մյուս իրական սեփականատեր չինացի Ժե Ժանգի (Zhe Zhang) մասին «Հետքը» տեղեկություններ էր ստացել դրանից ամիսներ առաջ՝ 2023-ին:

Հիշեցնենք, որ 2023-ի ապրիլին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն չտվեց «ՄՏՍ Հայաստան» (ներկայում՝ «Վիվա Հայաստան») ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործարքին:

Հայկական օպերատորի մայր ընկերությունը՝ ռուսական «ՄՏՍ»-ը, ցանկանում էր օտարել հայկական ակտիվը, սակայն ՀԾԿՀ-ն դիմել էր ԲՏԱ նախարարությանը, որն իր հերթին հարցը քննարկել էր ԱԱԾ-ի հետ եւ արդյունքում առարկել գործարքի կայացմանը:

Ըստ այդմ՝ գործարքի համաձայնեցումը վնասում էր կամ կարող էր վնասել ՀՀ ազգային անվտանգությունը կամ պետական շահերը:

«Հետքի» աղբյուրը հայտնել էր, որ պետական մարմինների կողմից գործարքի մերժման պատճառը եղել է այն, որ չի հայտնաբերվել գործարքի իրական շահառուն, այսինքն՝ թե ով էր դառնալու հայկական օպերատորի իրական տերը, ինչն անվտանգային ռիսկեր էր ծնում:

Հետո իրենց կիպրական ընկերություններով հայտնվել էին Կ. Սոկոլովն ու Ժ. Ժանգը, որոնք, ըստ «Հետքի» աղբյուրի, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն ձեռք բերելու համար նախատեսվող ֆինանսական միջոցների աղբյուր էին նշել իրենց ընտանեկան թրասթները (հավատարմագրային կառավարման հանձնված ակտիվներ), սակայն դրանց ծագումը, գործունեության մանրամասները, բնույթը եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն որեւէ կերպ չէր բացահայտվել:

Ի վերջո գործարքը 2023-ի նոյեմբերին արժանացել էր ՀՀ պատկան մարմինների հավանությանը, ինչից հետո՝ 2024-ի հունվարին, սեփականատերերի փոփոխություն էր կատարվել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ում:

Ժանգը դարձել էր դրա 75 %-ի իրական շահառու բաժնետեր, իսկ Սոկոլովը՝ 25 %-ի:

2024-ի փետրվարին «Վիվա Հայաստանի» տերերը ընկերության 20 % բաժնեմասը նվիրեցին ՀՀ կառավարությանը, ինչի արդյունքում Ժանգին մնաց 60 %, Սոկոլովին՝ 20 %:

Գրել էինք նաեւ «Հայբիզնեսբանկի» (ներկայում՝ «ԱՄԻՕ բանկ») վաճառքի մասին, որի 75 %-ն անցել էր շվեյցարական ներդրումային ֆոնդի, որն էլ իր հերթին պատկանում էր Լիխտենշտայնում գրանցված ֆոնդի:

Վերջինիս կառավարումն արտապատվիրակված է եղել Ժե Ժանգի հոնկոնգյան ընկերությանը:

Ինչ վերաբերում է Ժանգի գործընկեր Սոկոլովին, ապա նա, ըստ մեր աղբյուրի, հանդես է եկել որպես «Հայբիզնեսբանկի» արտասահմանյան սեփականատեր ֆոնդերի (Շվեյցարիայում ու Լիխտենշտայնում գրանցված) ներկայացուցիչ-խորհրդական:

Աղբյուրը նշել է, որ, ըստ էության, Ժանգն ու Սոկոլովը մասնագիտացած են կազմակերպությունների գնման գործարքներում, որոնց շրջանակներում նրանք կազմակերպում են բանակցություններ, համաձայնեցնում են գործարքի մանրամասները, այդ տեսանկյունից ներկայացնում են իրական շահառուներին (այսինքն՝ անձամբ իրենք իրական շահառու սեփականատեր չեն), կնքում գործարքներ, ներկայացնում փաստաթղթեր համապատասխան պետական մարմիններին եւ այլն:

Ի՞նչ է ձեռնարկատիրական ֆոնդը

Enterprise fund-ը կամ ձեռնարկատիրական ֆոնդը ԱՄՆ կառավարության կողմից կիրառվող ֆինանսական մեխանիզմ է, որի արմատները գնում են մինչեւ 1989 թ., երբ Կոնգրեսն ընդունեց «Արեւելյան Եվրոպայում ժողովրդավարությանը աջակցելու մասին» օրենքը:

Յուրաքանչյուր ձեռնարկատիրական ֆոնդ գործում է իբրեւ անկախ, ինքնավար կազմակերպություն, որը կառավարվում է տնօրենների խորհրդի կողմից, իսկ ԱՄՆ կառավարությունը պատասխանատու է դրա գործունեության վերահսկողության համար:

Ըստ ԱՄՆ պետդեպի՝ նման մոդելը մշակվել է այն նպատակով, որ ֆոնդերը կարողանան աջակցություն տրամադրել հնարավորինս արագ՝ ունենալով ծրագրեր մշակելու եւ ներդրումային տարբեր մոտեցումներ կիրառելու բավարար ճկունություն՝ յուրաքանչյուր երկրի կոնկրետ խնդիրները հասցեագրելու համար:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ