
iSeeCars Research-ի վերլուծաբանները ուսումնասիրել են ավելի քան 395 միլիոն ավտոմեքենաների տվյալներ՝ պարզելու, թե որ ապրանքանիշերն են առավել հաճախ հասնում 400 հազար կիլոմետր և ավելի վազքի։ Հետազոտության արդյունքներով՝ ամենահուսալի արտադրողների շարքում ակնհայտ գերակայություն ունեն ճապոնական բրենդները։
Վարկանիշի առաջին տեղում Toyota-ն է։ Հետազոտության համաձայն՝ այս ապրանքանիշի մեքենաների 19.7%-ը կարող է հասնել այդ վազքին, ինչը 3.7 անգամ բարձր է ոլորտի միջին 5.4% ցուցանիշից։ Երկրորդ տեղում Lexus-ն է՝ 14.4%-ով, որին հաջորդում են Honda-ն՝ 13.3%, Acura-ն՝ 9.5%, և GMC-ն՝ 5.8%։ Առաջատար հնգյակում նշվում է նաև Mazda-ն՝ 5.3% արդյունքով, մինչդեռ մյուս մասնակիցների ցուցանիշները 5%-ից ցածր են։

Զանգվածային շուկայում տարբերությունն ավելի ընդգծված է։ Բյուջետային ավտոմեքենաների դեպքում 400 հազար կիլոմետր և ավելի վազքի հասնելու միջին հավանականությունը կազմում է 5.8%, սակայն Toyota-ն այդ մակարդակը գերազանցում է 3.4 անգամ, իսկ Honda-ն՝ 2.3 անգամ։ Ամենաթույլ արդյունքները գրանցվել են Chrysler-ի, Fiat-ի և Mini-ի մոտ։
Պրեմիում սեգմենտում նման վազքի հասնելու միջին հավանականությունն ընդամենը 3.4% է։ Այդ ֆոնին Lexus-ը միջին ցուցանիշը գերազանցում է 4.2 անգամ, իսկ Acura-ն՝ 2.8 անգամ։ Նրանց հաջորդում են Lincoln-ը և Cadillac-ը։ Վարկանիշի վերջում են հայտնվել Jaguar-ն ու Maserati-ն, որոնց դեպքում ցուցանիշը զրոյական է։
iSeeCars-ի վերլուծաբան Կառլ Բրաուերը նշել է, որ թանկարժեք մեքենաների ցածր արդյունքները միշտ չէ, որ խոսում են վատ որակի մասին։ Նրա խոսքով՝ Porsche-ի, BMW-ի, Audi-ի, Land Rover-ի և Buick-ի նման մեքենաները հաճախ չեն օգտագործվում ամենօրյա երկար երթևեկության համար, ինչն էլ ազդում է բարձր վազք ունեցող օրինակների թվի վրա։ Այդ պատճառով բարձր վազքով պրեմիում ավտոմեքենա գնելիս կարևոր է գնահատել ոչ միայն թվերը, այլև մեքենայի իրական շահագործման պայմաններն ու վիճակը։
Աղբյուր՝ b24.am
