Toyota-ի համաշխարհային վաճառքները օգոստոսին տարեկան կտրվածքով նվազել են 6.4%-ով և կազմել 790,743 ավտոմեքենա։ Reuters-ի փոխանցմամբ՝ ընկերության արտադրությունն էլ երկրորդ ամիսն անընդմեջ կրճատվել է՝ այս անգամ 5.9%-ով։
Ամենամեծ ճնշումը Toyota-ն զգում է Չինաստանում, որտեղ օգոստոսին վաճառքները նվազել են 22.8%-ով։ Բացասական միտումը պահպանվում է արդեն յոթերորդ ամիսը անընդմեջ, իսկ հուլիսին անկումը կազմել էր 24.3%։
Ընկերությունը անկման պատճառներից մեկը համարում է բենզինի թանկացումը, որը թուլացրել է հիբրիդային և ավանդական ներքին այրման շարժիչով մեքենաների պահանջարկը։ Միաժամանակ Toyota-ի դիրքերի վրա ազդում է նաև տեղական ապրանքանիշերի էլեկտրամոբիլների արագ աճող ժողովրդականությունը։
Վաճառքները նվազել են նաև մյուս խոշոր շուկաներում։ ԱՄՆ-ում ցուցանիշը կրճատվել է 4.4%-ով, իսկ Մերձավոր Արևելքում՝ 37.5%-ով։ Մասնակի դրական ֆոն ապահովել է Ճապոնիան, որտեղ վաճառքներն աճել են 9.1%-ով։
Արտադրության մասով ևս Չինաստանում գրանցվել է 11.3% անկում, իսկ ԱՄՆ-ում՝ 6.6%։ Ճապոնական գործարաններում արտադրության ծավալները նվազել են 1.7%-ով, այդ թվում՝ Կյուսյու կղզում երկրաշարժից հետո գործարանների աշխատանքի դադարեցման պատճառով։

Աղբյուր՝ b24.am
