Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում Գոհար Մովսիսյանը տարիների ընթացքում գյուղական առօրյան դարձրել է բիզնես ու ստեղծարար աշխատանքի հարթակ։ 2017 թվականին նա հիմնադրել է «Բարի ֆարմ» ընկերությունը, որը զբաղվում է օրգանական գյուղատնտեսական արտադրությամբ եւ վերամշակմամբ։
Տնտեսությունը ներառում է սալորի, խնձորի եւ ընկույզի այգիներ, հաճարի դաշտ, ինչպես նաեւ ավանդական եւ ոչ ավանդական մշակաբույսերով բանջարանոց։ «Բարի ֆարմ»-ը շուկա է մտել օրգանական հաճարով, իսկ հետո աստիճանաբար ընդլայնել արտադրանքի շրջանակը։

Գոհար Մովսիսյանը մասնագիտությամբ կենսաբանության ուսուցչուհի է եւ դպրոցում աշխատում է ավելի քան 35 տարի։ Նա ասում է, որ հողի հետ աշխատանքը երբեք օտար չի եղել իր համար. գյուղում է ծնվել, տեսել է, թե ինչպես են ծնողները մշակում հողը, իսկ հետո, արդեն աշխատելով դպրոցում, շարունակել է խնամել նաեւ տան փոքրիկ բանջարանոցը։
Նրա խոսքով՝ մի փուլում հասկացավ, որ հողագործությունն իր համար պարզապես զբաղմունք չէ, այլ սիրված գործ, հատկապես երբ այն հնարավորություն է տալիս ստեղծել նոր բան։ Այդ գիտակցությունից էլ սկսվել է «Բարի ֆարմ»-ի պատմությունը։

Գոհարը պատմում է, որ բիզնեսի առաջին փուլերը հեշտ չեն եղել։ Տարիներ առաջ, երբ հաճարի դաշտը հասունացել էր եւ պետք է սկսվեր բերքահավաքը, հուլիսի 25-ին ուժեղ կարկուտը ոչնչացրել էր ամբողջ բերքը։ Նրա խոսքով՝ դաշտում արված ամբողջ ներդրումը մեկ օրում հավասարվել էր զրոյի, սակայն այդպիսի փորձությունները չեն ստիպել հրաժարվել սկսած գործից։
Այսօր «Բարի ֆարմ»-ը միայն հաճար չի արտադրում։ Տարիների ընթացքում տնտեսությանը ավելացել են սալորի, խնձորի եւ ընկույզի օրգանական այգիներ, բանջարանոց, ինչպես նաեւ կախասնկի արտադրություն։ Գոհար Մովսիսյանն ասում է, որ սիրում է նոր մշակաբույսեր բերել տնտեսություն եւ արդեն ծանոթ տեսակների կողքին տեղայնացնել մելիսա, լավանդա, օրեգանո, անանուխ եւ քեյլ։

Երկու տարի առաջ AgriConcept ընկերության աջակցությամբ «Բարի ֆարմ»-ում բացվել է փոքր վերամշակման արտադրամաս, որտեղ պատրաստում են չրեր եւ սիդր։ Գոհարի խոսքով՝ այս աշխատանքի հիմքում սերն է հողի, գյուղի եւ գյուղատնտեսության հանդեպ։
Նա նշում է, որ տարիներ առաջ գյուղերում հիմնականում բոլորը նույն արտադրանքն էին ստանում, եւ դա թե՛ վաճառքն էր բարդացնում, թե՛ սահմանափակում զարգացման հնարավորությունները։ Երբ ինքը սկսել է մտածել օրգանական գյուղատնտեսության մասին, ընտանիքը աջակցել է, բայց շրջապատից հաճախ լսել է, թե Թեղենիքում դա չի ստացվի։

Գոհար Մովսիսյանը առանձնահատուկ հոգատարությամբ է խոսում 300 ծառից բաղկացած սալորի այգու մասին, որը հիմնվել է իր երկարամյա երազանքի վայրում։ Այգին ստեղծվել է օրգանական սկզբունքներով, ունի կաթիլային ոռոգման համակարգ եւ հակակարկտային ցանց։ Միջհամայնքային ճանապարհից այն բաժանված է 20-25 մետր հեռավորությամբ, թեեւ պահանջվող բուֆերային գոտին առնվազն 8-10 մետր էր։ Պարարտացումը կատարվում է տեղում պատրաստված հումուսով կամ կոմպոստով, իսկ բույսերի մշակումը՝ սեփական թուրմերով։
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում այգին հաճախ է բախվել ցրտահարության խնդրին, եւ շատերը խորհուրդ են տվել ծառերը հեռացնել, քանի որ բերք գրեթե չէր ստացվում։ Սակայն նա չի հանձնվել, իսկ հիմա, երբ ծառերը մեծացել են եւ դրանց դիմադրողականությունը բարձրացել է, դժվարությունները որոշ չափով հաղթահարվել են։


Մինչ «Բարի ֆարմ»-ը, Գոհարն ու ամուսինը փոքր հացի արտադրամաս են ունեցել։ Նա հիշում է, որ նույն բաղադրատոմսով ամենօրյա աշխատանքը ժամանակի ընթացքում հոգնեցրել էր, եւ հենց այդտեղ է հասկացել, որ ուզում է զբաղվել մի գործով, որը մշտապես զարգացում ու նոր գաղափարներ է պահանջում։
Այդպես, նրա խոսքով, առանց մեծ գումարի եւ առանց նախնական ներդրման սկսել են «Բարի ֆարմ»-ը՝ հողամասով, սերմով, սկզբունքներով, նվիրումով եւ մեկ հին տրակտորով։ Գոհարը նաեւ նշում է, որ կարողանում է տրակտոր վարել. դպրոցում մեքենագիտություն է անցել եւ ունեցել է վարելու վկայական։

Նա ասում է, որ այս ճանապարհը հնարավոր չէր լինի առանց համառության, լավատեսության եւ ընտանիքի աջակցության։ Գյուղատնտեսությունը, նրա գնահատմամբ, բարդ ոլորտ է, իսկ կնոջ համար՝ առավել եւս, հատկապես երբ տեխնիկայի կիրառման գիտելիքն ու գործնական հմտությունները սահմանափակ են։
Գոհար Մովսիսյանը մասնակցել է բազմաթիվ միջոցառումների թե՛ Հայաստանում, թե՛ եվրոպական երկրներում, եւ ձեռք բերած փորձը փոխանցել է համագյուղացիներին։ Նրա խոսքով՝ մանկավարժի փորձն օգնել է, որ սովորածը կիսի ուրիշների հետ եւ փորձի օգտակար լինել նրանց համար։

«Բարի ֆարմ»-ում փորձում են աշխատել շրջանաձեւ տնտեսության տրամաբանությամբ։ Գոհարը պատմում է, որ տնտեսությունում ոչինչ չի թափվում։ Օրինակ, բալից մուրաբա եւ չիր պատրաստելուց հետո մնացած կորիզներից պատրաստել են փոքրիկ ջեռակներ, որոնք կարող են ծառայել թե՛ որպես երեխաների մոտորիկան զարգացնող պարագա, թե՛ տաքացվելուց հետո՝ որպես տեղային ջեռակ։ Այդ գաղափարի շուրջ հավաքվել է «Բալենի» տուփը, որի մեջ ներառվել են նաեւ բալի տերեւներից պատրաստված թեյ, բալի մուրաբա եւ չիր։
«Բարի ֆարմ»-ի տարածքում կազմակերպվում են նաեւ հյուրընկալություններ՝ տեղական եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Դրանք նպաստում են օրգանական գյուղատնտեսության եւ առողջ սննդի մշակույթի տարածմանը։ Գոհար Մովսիսյանը համագործակցում է նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ ուսանողներին հնարավորություն տալով իր տնտեսությունում անցնել ուսումնական պրակտիկա։

Արտադրանքի վաճառքը հիմնականում իրականացվում է առցանց, թեեւ տնտեսություն այցելած հյուրերը նույնպես հաճախ գնումներ են կատարում։ Գոհարի խոսքով՝ իր համար խորհրդանշական է, երբ այլ ֆերմերներ կամ տարբեր երկրներից ժամանած միջազգային գործընկերներ իրենց հետ տանում են «Բարի ֆարմ»-ի արտադրանքը, եւ այն հասնում է, օրինակ, Ավստրիա կամ ԱՄՆ։
Նա ընդգծում է, որ արտադրության ծավալը դեռ փոքր է, եւ արտահանման մասին դեռ չեն մտածում։ Բայց այն փաստը, որ արտադրանքը հայտնվում է այլ երկրներում եւ այնտեղից շնորհակալություն են փոխանցում, թիմի համար մեծ արժեք ունի։

Գոհար Մովսիսյանի խոսքով՝ գյուղատնտեսության մեջ մշտապես կան նոր մարտահրավերներ՝ ցրտահարություն, կարկուտ, փչացող բերք։ Բայց հենց այդ փուլերում են սովորում, ուժեղանում եւ լուծումներ գտնում։
Հոդվածը պատրաստվել եւ հրապարակվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից իրականացվող «ՑԱՏԿ. առաջընթացի եւ տնտեսական կայունության կրթական ծրագիր կանանց համար» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մեդիամաքսը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի AGFUND-ի եւ ՄԱԲՀ-ի տեսակետները։

Աղբյուր՝ mediamax.am
