Team Holding-ը հայտարարել է, որ Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման իր ծրագիրն ավարտել է նախանշված ժամկետից շուտ՝ ներգրավելով մոտ $35 մլն-ին համարժեք ֆինանսավորում։ Ընկերության տվյալներով՝ ամբողջությամբ տեղաբաշխվել է $31,5 մլն և 1,4 մլրդ դրամ ծավալով պարտատոմս։
Թողարկումն իրականացվել է երեք փուլով՝ Freedom Broker Armenia-ի հետ համագործակցությամբ։ Team խմբի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ սա ընկերության պարտատոմսերի թողարկման հաջող ավարտն է, իսկ ներգրավված միջոցները կուղղվեն խմբի ենթակառուցվածքների զարգացմանը՝ լոգիստիկայի, էներգետիկայի և այլ ուղղություններով։
Եսայանի խոսքով՝ ներգրավված կապիտալը հիմնականում կօգտագործվի կապիտալ ծախսերի համար։ Նա ընդգծել է, որ օպերացիոն ծախսերը խումբն ամբողջությամբ հոգում է սեփական միջոցներով, իսկ նոր ֆինանսավորումը հիմնականում կուղղվի էներգետիկ ոլորտին։
Նա նաև նշել է, որ Team Holding-ի բազմապրոֆիլ կառուցվածքը, որը միավորում է 10–12 ընկերություն, թույլ է տալիս նվազեցնել և դիվերսիֆիկացնել ռիսկերը՝ տնտեսության տարբեր հատվածներում ներկայության շնորհիվ։ Ըստ նրա՝ պարտատոմսերի ամբողջ ծավալի վաճառքը նաև վկայում է ընկերության նկատմամբ վստահության և թափանցիկության մասին։
Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանն իր հերթին ասել է, որ այս տեղաբաշխումը կարևոր քայլ է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար և կարող է օրինակ ծառայել այլ կազմակերպությունների համար։ Նա նաև կարևորել է միջազգային ներդրողների ներգրավումը՝ նշելով, որ հայկական կազմակերպություններում օտարերկրյա կապիտալի մուտքը շուկայի համար զգալի առաջընթաց է։

Աղբյուր՝ armbanks.am
