
Իրանի դեմ պատերազմի յոթերորդ ամսին համաշխարհային առևտուրը մոտենում է վտանգավոր շեմի, քանի որ ծովային փոխադրումների ոլորտում արագանում է, այսպես կոչված, «ստվերային նավատորմերի» ընդլայնումը։ Այդ մասին, Fortune-ի փոխանցմամբ, ահազանգում են ոլորտի կարգավորողները։
Խնդիրը խորանում է աշխարհաքաղաքական լարվածության և պրոտեկցիոնիստական քաղաքականության ֆոնին։ Արդյունքում ծովային բեռնափոխադրումները գնալով բաժանվում են երկու հատվածի՝ մեկը գործում է սահմանված կանոններով, մյուսը՝ ոչ թափանցիկ միջավայրում և փաստացի դուրս է ընդհանուր կարգավորումից։
Consultative Shipping Group-ը (CSG), որը միավորում է 18 երկրների ծովային նավագնացության ոլորտի ներկայացուցիչներին և կարգավորող մարմիններին, համատեղ հայտարարությամբ նախազգուշացրել է, որ ծովում շարունակվող անկարգությունը կարող է բերել նավագնացության երկու զուգահեռ համակարգերի ձևավորմանը։ Կազմակերպության գնահատմամբ՝ այդ սցենարը կթուլացնի ոլորտի միասնական կանոնները և կավելացնի համակարգային ռիսկերը համաշխարհային մատակարարումների համար։
Հրապարակման համաձայն՝ վտանգի տակ է հայտնվում ծովային առևտրի հենց հիմքը։ Համաշխարհային առևտրի 80-90%-ը բաժին է ընկնում ծովային փոխադրումներին, ուստի ոլորտի մասնատումը կարող է հարվածել ավելի լայն տնտեսական ակտիվությանը։ Fortune-ը նաև նշում է, որ ծովային փոխադրումների հետ կապված է համաշխարհային ՀՆԱ-ի ավելի քան 30%-ը՝ մոտ 35 տրիլիոն դոլար։
Նյութում ընդգծվում է նաև զբաղվածության բաղադրիչը։ Միայն ԱՄՆ-ում այս ոլորտը ապահովում է 41 միլիոն աշխատատեղ, ինչը նշանակում է, որ ծովային լոգիստիկայի խափանումները կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն առևտրի, այլև աշխատանքի շուկայի վրա։
Աղբյուր՝ b24.am
