Bankomat

Ստեղծվել է հայ-ամերիկյան գործարար խորհուրդ

Լուրեր|2026/09/24 15:00
Ստեղծվել է հայ-ամերիկյան գործարար խորհուրդ

Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։

Նյու Յորքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային ընթրիքի շրջանակում հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ավարտին հայտարարվել է հայ-ամերիկյան գործարար խորհրդի ստեղծման մասին։

ԱՄՆ Առևտրի պալատի փոխնախագահ Կուշ Չոքսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հյուրընկալության համար և նշել, որ պալատի անդամները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ։ Նրա խոսքով՝ հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ Հայաստանում տնտեսական զարգացումներին, ներդրումային հնարավորություններին և գործարար միջավայրին։

Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ անցած տարվա օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ հանդիպման ընթացքում ստորագրված փաստաթղթերից հետո արդեն իսկ արձանագրվել են էական փոփոխություններ։ Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում արհեստական բանականության արտադրության երկու խոշոր գործարանների ստեղծմանը։

Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները շարունակելու են զարգանալ և ամրապնդվել տարբեր ուղղություններով։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում առկա հնարավորությունները, ինչպես նաև այն բարեփոխումներն ու ծրագրերը, որոնք կառավարությունն իրականացնում է գործարար միջավայրի հետևողական բարելավման համար։

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի թեմային, դրա հետևանքով տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին և բացվող հնարավորություններին։ Այդ համատեքստում նա ներկայացրել է TRIPP նախագիծը, որը միտված է տարածաշրջանային հաղորդակցական ուղիների ապաշրջափակմանը։

Քննարկման վերջում վարչապետը պատասխանել է գործարարների հետաքրքրող հարցերին, որից հետո հայտարարվել է հայ-ամերիկյան գործարար խորհրդի ստեղծման մասին։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ