Bankomat

«Ջերմուկ Գրուպ»-ը մաքսային արտոնություն կստանա հումքի և սարքավորումների ներմուծման համար

Լուրեր|2026/09/24 15:02
«Ջերմուկ Գրուպ»-ը մաքսային արտոնություն կստանա հումքի և սարքավորումների ներմուծման համար

Կառավարությունը փոփոխել է ընկերության ներդրումային ծրագրին վերաբերող արտոնության շրջանակը։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում որոշում է ընդունել «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին մաքսատուրքից ազատելու մասին՝ տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչների ու պարագաների, ինչպես նաև հումքի և նյութերի ներմուծման դեպքում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխությունն անհրաժեշտ է ընկերության ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու համար։ Ծրագիրը վերաբերում է առաջնահերթ ոլորտում գործունեությանը, իսկ ներմուծվող հումքն ու սարքավորումները նախատեսված են պոլիէթիլենային ջերմաեռակցվող թաղանթի արտադրության և թողարկվող արտադրանքի փոխադրման համար։

Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին, իսկ նախագիծը կիրականացվի Վայոց ձորի մարզում։ Աղբյուրի համաձայն՝ «Ջերմուկ Գրուպ»-ը պատկանում է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ընտանիքին։

Կառավարությունը նաև հաշվի է առել, որ ընկերությունը նախատեսում է ցուցակում ներառված ապրանքները ներմուծել լիզինգային կազմակերպության միջոցով։ Այդ պատճառով որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան ներմուծումն իրականացնել նաև լիզինգի գործիքով։

Բացի այդ, վերանայվել է ներմուծվող ապրանքների ցանկը, քանի որ նախատեսվում է ներմուծել 215 միլիոն դրամի սարքավորում և 656,9 միլիոն դրամի լրացուցիչ հումք։ Կատարված փոփոխություններից հետո ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 4,3 միլիարդ դրամ։

Մաքսատուրքից ազատման արտոնության ընդհանուր չափը գնահատվում է 270,7 միլիոն դրամ։ Կառավարության հիմնավորմամբ՝ այս աջակցությունը կարող է խթանել նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, ինչպես նաև տեղական արտադրության և արտահանման զարգացումը։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ