Bankomat

Կես տարում Հայաստանի պղնձի խտանյութի արտահանումը հասել է 514 մլն դոլարի

Լուրեր|2026/09/24 17:02
Կես տարում Հայաստանի պղնձի խտանյութի արտահանումը հասել է 514 մլն դոլարի

Աճին նպաստել են և՛ արտահանման ծավալների ավելացումը, և՛ պղնձի համաշխարհային գների բարձրացումը։

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջին տեղը զբաղեցրել է պղնձի խտանյութը։ Մաքսային ծառայության տվյալներով՝ վեց ամսում արտահանվել է 201 հազար տոննա պղնձի խտանյութ՝ 514 մլն դոլար ընդհանուր արժեքով։

2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված պղնձի քանակն աճել է 29%-ով, իսկ արժեքը՝ 92%-ով։ Սա նշանակում է, որ արտահանման աճը ձևավորվել է ոչ միայն ֆիզիկական ծավալների, այլև գների հաշվին. եթե նախորդ տարի մեկ տոննայի միջին արժեքը կազմել էր մոտ 1.7 հազար դոլար, ապա այս տարի այն հասել է մոտ 2.6 հազար դոլարի։ Միայն պղնձի խտանյութի հաշվին արտահանման աճը կազմել է 247 մլն դոլար։

Սեպտեմբերի սկզբին բյուջեի քննարկումների ընթացքում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանից արտահանումը առաջին կիսամյակում նվազել է 6.7%-ով՝ վերաարտահանման կրճատման պատճառով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը աճել է 30%-ով։ Թե որ ապրանքախմբերն են ապահովել այդ աճը, նախարարը չէր մանրամասնել, սակայն պղնձի խտանյութի տվյալները ցույց են տալիս, որ այս ապրանքը եղել է հիմնական շարժիչներից մեկը։

Պղինձը կրկին առաջատար դիրք է զբաղեցրել Հայաստանի արտահանման մեջ՝ վերջին տարիներին տեղը զիջելով վերաարտահանվող ոսկուն, բջջային հեռախոսներին և ադամանդին։ Հայաստանից արտահանվող խտանյութը գնորդ երկրներում հետագայում վերամշակվում է և դառնում վերջնական պղինձ։

Գների աճը պայմանավորված է արտաքին շուկաներով։ Եթե 2025 թվականի սկզբին Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի մեկ տոննայի գինը 10 հազար դոլարի չէր հասնում, ապա այժմ այն մոտեցել է 15 հազար դոլարի շեմին։ Թանկացման հիմնական պատճառների թվում են խոշոր արտադրող երկրներում արդյունահանման նվազումը և դրա հետևանքով առաջացած դեֆիցիտը, ինչպես նաև պահանջարկի աճը՝ էլեկտրամոբիլների արտադրության, վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքների և տվյալների կենտրոնների ընդլայնման ֆոնին։

Միջազգային գների բարձրացումը կարճաժամկետում դրական ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Այն մեծացնում է թե՛ արտահանման ցուցանիշները, թե՛ հանքարդյունաբերողների հարկային վճարումները։ Միաժամանակ արտահանումից երկիր է մտնում ավելի շատ արտարժույթ, ինչը կարող է նպաստել հայկական դրամի փոխարժեքի կայունացմանը կամ արժևորմանը։ Սակայն փոխարժեքի վրա ազդում են նաև այլ գործոններ՝ տրանսֆերտները, զբոսաշրջությունը, ԿԲ դրամավարկային քաղաքականությունը և կապիտալի հոսքերը, ուստի միայն պղնձի դերը առանձնացնելը դժվար է։

Երկարաժամկետում, սակայն, այդ կախվածությունը նաև ռիսկեր է ստեղծում, քանի որ տնտեսությունն ավելի զգայուն է դառնում միջազգային հումքային շուկաների տատանումների նկատմամբ։ Բացի այդ, դրամի արժևորումը տնտեսության բոլոր հատվածների համար միանշանակ դրական հետևանքներ չունի։

Աճել է նաև արտադրությունը։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 172 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը 31.4%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Հայաստանի խոշորագույն արտադրողն ու պղնձի և մոլիբդենի գլխավոր արտահանողը ԶՊՄԿ-ն է։ 2025 թվականի տարեկան տվյալներով՝ արտահանված պղնձի խտանյութի շուրջ 70%-ը՝ ըստ արժեքի, բաժին է ընկել ԶՊՄԿ-ին, որը մատակարարումներ է իրականացրել դեպի Չինաստան, Բուլղարիա և Նիդերլանդներ։ Երկրորդ հիմնական արտահանողը «Թեղուտ» ընկերությունն է, որը պղնձի խտանյութ է արտահանում Չինաստան։ Ավելի փոքր ծավալներով արտահանում է նաև «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը»՝ դեպի Բուլղարիա և Նիդերլանդներ։

Հայկական պղնձի գլխավոր գնորդը շարունակում է մնալ Չինաստանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված պղնձի մոտ 65%-ը՝ և՛ ըստ արժեքի, և՛ ըստ քանակի, բաժին է հասել Չինաստանին։ Երկրորդ հիմնական շուկան Բուլղարիան է՝ 34% մասնաբաժնով ըստ արժեքի։ Մոտ 1% բաժին է ընկել Շվեյցարիային։

Նախորդ տարիներին Հայաստանը նաև փոքր ծավալներով արտահանել էր պղնձի թափոն և ջարդոն, սակայն այս տարվա առաջին կիսամյակում նման արտահանում չի եղել։ Փոխարենը ավելացել են զտած պղնձի արտահանման ծավալները, որոնք կիսամյակի արդյունքներով հասել են 12 մլն դոլարի։

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է 526 մլն դոլար, ինչը 83%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Սակայն այս աճը հիմնականում պայմանավորված է պղնձի խտանյութի և կիսամշակ պլատինի մատակարարումներով, ոչ թե ապրանքային կառուցվածքի լայն դիվերսիֆիկացմամբ։

Այստեղ կարևոր տարբերություն կա. եթե պղնձի խտանյութը հայկական ծագման արտադրանք է, ապա անմշակ կամ կիսամշակ պլատինը վերաարտահանման արդյունք է։ Արտաքին առևտրի տվյալների համադրումը ցույց է տալիս, որ պլատինը ներմուծվել է Ռուսաստանից և վերաարտահանվել Չինաստան։ Հայտնի չէ, թե մինչև վերաարտահանումը այն որևէ վերամշակման ենթարկվել է, թե ոչ։

Այս ամենի արդյունքում Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ 2026 թվականի առաջին կիսամյակում կտրուկ աճել է և կազմել 15.3%։ Այդ ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո։ Բացի պղնձից, Հայաստանը ավելացրել է նաև մոլիբդենի և թանկարժեք մետաղների խտանյութերի արտահանումը, թեև դրանց ծավալները զգալիորեն փոքր են։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ