
Ճապոնական SoftBank Group-ը մտադիր է Պարսից ծոցի երկրների ներդրողներից ներգրավել մինչև 100 մլրդ դոլար՝ արհեստական բանականության տեխնոլոգիաներում ներդրումների նոր փուլը ֆինանսավորելու համար։ Այդ մասին, իրավիճակին ծանոթ աղբյուրներին հղումով, հայտնել է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ վերջին շաբաթներին SoftBank-ի ղեկավար Մասայոշի Սոնը բանակցություններ է վարել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից։ Քննարկումները վերաբերում են Մերձավոր Արևելքից խոշոր ֆինանսավորում ներգրավելու հնարավորությանը։
Աղբյուրների խոսքով՝ ընկերությունը ցանկանում է ներգրավված միջոցներով ստեղծել հիմնադրամ, որը կգնի ընկերություններ և կփորձի բարձրացնել դրանց արդյունավետությունը՝ արհեստական բանականության և այլ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ։
SoftBank-ը վերջին շրջանում արդեն մեծացրել է իր ակտիվությունը ԱԲ ոլորտում։ Անցյալ շաբաթ խումբը հայտարարել էր, որ OpenAI-ում ներդրել է 30 մլրդ դոլար՝ ChatGPT-ի մշակողի ֆինանսավորման վերջին փուլի շրջանակում ստանձնած պարտավորությունների համաձայն։
Բացի այդ, մեկ ամիս առաջ SoftBank-ը ներգրավել էր 11.1 մլրդ դոլար՝ բարձր եկամտաբերությամբ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում պատմականորեն խոշորագույն տեղաբաշխումներից մեկի միջոցով։
Աղբյուր՝ b24.am
