
Սյունիքի մարզի դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության իր լիազորությունների շրջանակում, ուսումնասիրել է Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու փաստաթղթերը։ Այդ մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սիսականի փողոց 2/1 հասցեում գտնվող 0,03 հա մակերեսով հողատարածքը օրենքի պահանջների խախտմամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է ֆիզիկական անձի։
Դրանից հետո դատախազը միջնորդագիր է ներկայացրել Սիսիան համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկելու 2011 թվականի հունիսի 13-ին Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև կնքված պայմանագրով սահմանված կառուցապատման իրավունքը դադարեցնելու համար։
Համայնքապետարանի իրավասու մարմինների ձեռնարկած քայլերի արդյունքում Կադաստրի կոմիտեում դադարեցվել է այդ հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ Խոսքը վերաբերում է «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 0,03 հա մակերեսով հողամասին, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 563 հազար դրամ։ Հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595.68 քմ տարածք։ Այստեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի։
Դատախազական ներգործության արդյունքում մինչ այժմ համայնքին վերադարձվել է 8 անձի տրամադրված 10 հողատարածք՝ ընդհանուր 5234,48 քմ մակերեսով։ Դրանց թվում են 0,03 հա, 0,03 հա, 0,05308 հա, 0,0450 հա, 0,05 հա, 0,0451 հա, 0,08 հա, 0,02 հա, 0,0402 հա և 0,13 հա մակերեսով հողամասերը։
Դատախազությունը նշում է, որ 9 անձի տրամադրված ևս 10 հողատարածք համայնքին վերադարձնելու աշխատանքները շարունակվում են։
Աղբյուր՝ lurer.com
