BRICS-ի անդամ երկրները կշարունակեն աջակցել բազմակողմ առևտրային համակարգին և կհակազդեն պրոտեկցիոնիստական միջոցառումներին։ Այդ մասին, ըստ «ՏԱՍՍ»-ի, Հնդկաստանում ընթացող BRICS գագաթնաժողովում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Նրա խոսքով՝ միավորման երկրները պետք է առաջ տանեն ողջ մարդկության ընդհանուր արժեքները և խթանեն քաղաքակրթությունների միջև փորձի փոխանակումը։ Սի Ծինփինը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել ներդաշնակ համակեցություն և փոխլրացում, ինչպես նաև փոխանակել պետական կառավարման ոլորտում կուտակված փորձը։
Չինաստանի նախագահը նաև ընդգծել է, որ BRICS երկրները կարող են համատեղ ուղղորդել «կուտակված դրական էներգիան»՝ միջպետական հարաբերությունների կայուն զարգացման համար։ Նրա գնահատմամբ՝ այդ համագործակցությունը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու հանրային կապերի խորացման տեսանկյունից։
Սի Ծինփինը առանձնացրել է նաև մշակույթի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Նա կոչ է արել ամրապնդել երիտասարդական փոխանակումները, նպաստել ժողովուրդների միջև կանոնավոր շփումների ձևավորմանը, խորացնել փոխըմբռնումը և մերձեցնել հասարակություններին։



Աղբյուր՝ www.1in.am
