
Ամերիկյան Sceye ընկերությունը հայտարարել է, որ իր ստրատոսֆերային հարթակն ավարտել է ռեկորդային տրանսխաղաղօվկիանոսյան թռիչք՝ անցնելով գրեթե 30 հազար կիլոմետր Նյու Մեքսիկոյից մինչև Ճապոնիա և վերադառնալով ԱՄՆ։ Interesting Engineering-ի փոխանցմամբ՝ թռիչքը կատարվել է Service Test 1 (ST1) առաքելության շրջանակում։
Ծրագրի հիմնական նպատակը եղել է ստանդարտ սմարթֆոնների հետ ուղիղ բջջային կապի տեխնոլոգիայի փորձարկումը, ինչպես նաև հարթակի վրա տվյալների մշակումն ու անօդաչու սարքերի հետ փոխգործակցությունը։ Հարթակը մեկնարկել է 2026 թվականի օգոստոսի 9-ին, իսկ 13 օր անց հասել է Ճապոնիա։
Փորձարկումներն իրականացվել են ճապոնական SoftBank հեռահաղորդակցական ընկերության հետ համատեղ։ Sceye-ը ցուցադրել է, որ հնարավոր է սովորական սմարթֆոններին ապահովել շարժական լայնաշերտ կապ SoftBank-ի բազային ցանցի միջոցով՝ առանց սարքերի վրա լրացուցիչ հատուկ սարքավորում տեղադրելու։ Այդ նպատակով հարթակը կրել է SceyeCELL համակարգը, որը ընկերությունը նկարագրում է որպես «բջջային կապի աշտարակ երկնքում»։
Ընկերության գնահատմամբ՝ մեկ լիաչափ ստրատոսֆերային հարթակ կարող է ծածկույթի գոտի ապահովել, որը համադրելի է մոտ 500 ցամաքային աշտարակի աշխատանքի հետ։ Թռիչքի ընթացքում փորձարկվել են նաև արտակարգ զանգերը, զանգվածային արտակարգ իրավիճակների համար նախատեսված ծանուցման համակարգը և անօդաչու սարքերի հետ կապը։ Sceye-ում այս լուծումները դիտարկում են որպես եռաչափ հաղորդակցական ցանցի ձևավորման հնարավոր տարբերակ։
Առանձին փորձարկվել է նաև այսպես կոչված edge computing-ը՝ տվյալների մշակումը անմիջապես հարթակի վրա։ HAPS-ի վրա տեղադրված սերվերի միջոցով Sceye-ը և SoftBank-ը մշակում էին տվյալները մինչև դրանք օգտատերերին փոխանցելը։ Հարցման մշակման միջին ժամանակը՝ ուղարկումից մինչև պատասխան և հետ, կազմել է 68 միլիվայրկյան, ինչը, ընկերության տվյալներով, ավելի քան 40 տոկոսով պակաս ուշացում է ինտերնետ-ամպային ծառայությունների միջոցով մշակման համեմատ։
Sceye-ի գնահատմամբ՝ սա առաջին հաջողված դեպքն է, երբ ստրատոսֆերային հարթակի վրա միաժամանակ տեղադրվել են շարժական բազային ցանց և տվյալների մշակման համար վեբ-սերվեր։ Այդպիսով հաշվարկները կատարվել են անմիջապես HAPS-ի վրա, իսկ պատրաստի տվյալները փոխանցվել են սմարթֆոններին։
Ճապոնիայում փորձարկումների ավարտից հետո հարթակը վերադարձել է ԱՄՆ՝ սեպտեմբերի 4-ին կրկին մտնելով երկրի օդային տարածք։ Սեպտեմբերի 5-ին այն հասել է Նյու Մեքսիկո նահանգի Մորիարտի քաղաքում գտնվող Sceye-ի գլխավոր գրասենյակի շրջան, որտեղ իրականացվել են լրացուցիչ փորձարկումներ, ապա կատարվել է նախատեսված իջեցումը։
Ընկերությունում կարծում են, որ ստրատոսֆերան կարող է դառնալ միջանկյալ օղակ ցամաքային ենթակառուցվածքի և արբանյակների միջև։ Sceye-ի կարծիքով՝ մեծ բարձրության վրա տեղակայված HAPS-երը կարող են ապահովել լայն ծածկույթ՝ ավելի փոքր ուշացմամբ, քան ուղեծրային համակարգերը, և միաժամանակ չեն պահանջում սարքավորումների դուրսբերում տիեզերք։ ST1-ը ընկերության առաջին թռիչքն էր դեպի Ասիա և կարևոր փուլ՝ հնարավոր կոմերցիոն գործարկումից առաջ։
Աղբյուր՝ lurer.com
