
Գործարար, բարեգործ և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը սեպտեմբերի 9-ին քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի։ Ըստ հրապարակման՝ նույն օրը գործը մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Հայցով Կարապետյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել 29/05/2026 թվականին հնչեցված վիրավորանքի համար։ Հայցում ներկայացված ձևակերպմամբ, ներողությունը պետք է պարունակի հետևյալ բովանդակությունը. «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»։
Ըստ պահանջի՝ ներողությունը պետք է հրապարակվի Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/, ուղիղ եթերի տեսաձայնագրության միջոցով՝ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո։ Հայցվորի պահանջով, տեսանյութն ու դրա վերնագիրը չպետք է պարունակեն պատասխանողի կամ որևէ երրորդ անձի հավելում կամ մեկնաբանություն և պետք է ներառեն բացառապես ներողության տեքստը։
Բացի հրապարակային ներողությունից, Սամվել Կարապետյանը դատարանից խնդրում է Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում։
Հայցում նաև պահանջվում է պատասխանողից բռնագանձել դատական ծախսերը, ներառյալ պետական տուրքը և փաստաբանի խելամիտ վարձատրությունը։
Աղբյուր՝ panorama.am
