Bankomat

Ռուսաստանը VPN-ների արգելափակման համար գրեթե 20 միլիարդ ռուբլի կհատկացնի

Լուրեր|2026/10/01 22:01
Ռուսաստանը VPN-ների արգելափակման համար գրեթե 20 միլիարդ ռուբլի կհատկացնի

Գումարը ներառված է 2027 թվականի դաշնային բյուջեի նախագծում և նախատեսված է Ռոսկոմնադզորի համակարգի համար։

Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 19 միլիարդ 870 միլիոն ռուբլի հատկացնել համացանցում «անցանկալի» բովանդակության արգելափակման և VPN ծառայությունների դեմ պայքարի համար։ Այդ մասին հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով 2027 թվականի դաշնային բյուջեի նախագծին, որը հոկտեմբերի 1-ին ներկայացվել է Պետդումա։

Ֆինանսավորումը կստանա Ռոսկոմնադզորին հաշվետու պետական ձեռնարկությունը՝ Գլխավոր ռադիոհաճախականության կենտրոնը։ Միջոցները նախատեսված են «ինտերնետային տեղեկատվության և հեռահաղորդակցության ցանցի ռուսական հատվածի ավտոմատացված անվտանգության համակարգի» աշխատանքն ապահովելու համար։

Ըստ հրապարակման՝ այդ համակարգը օգտագործվում է առցանց սպառնալիքներին տեխնիկապես հակազդելու, այդ թվում՝ «արգելված» բովանդակություն պարունակող կայքերը փակելու համար։ Նույն համակարգը կիրառվում է նաև VPN-ների արգելափակման նպատակով, որոնք Ռուսաստանում լայնորեն օգտագործվում են ինտերնետային սահմանափակումները շրջանցելու համար։

Ռոսկոմնադզորը մինչև 2030 թվականը ցանկանում է հասնել VPN տեխնոլոգիաների արգելափակման 92% արդյունավետության։ Ընդհանուր առմամբ, 2027 թվականին գերատեսչության գործունեության համար նախատեսվում է հատկացնել 31,8 միլիարդ ռուբլի։

Հոդվածում հիշեցվում է, որ այս տարվա օգոստոսին Ռուսաստանում իրականացվել էր VPN ծառայությունների լայնածավալ արգելափակում, որի հետևանքով սահմանափակվել էին ավելի քան 20 հայտնի հոսթինգային ծառայությունների IP հասցեները։ Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի իշխանությունները խստացրել են նաև առցանց գրաքննությունը՝ արգելափակելով հարյուրավոր կայքեր և սահմանափակելով մի շարք ծառայությունների հասանելիությունը։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ