Bankomat

Ռուսաստանը մայիսի տվյալներով մնում է Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը

Լուրեր | 2026/07/07 09:02

Ռուսաստանը մայիսի տվյալներով մնում է Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 28%-ը՝ Ռուսաստանի հետ

Չնայած Ռուսաստանի շուկա մուտքի սահմանափակումներին, երկու երկրների լարված հարաբերություններին, տնտեսական սպառնալիքներին ու Հայաստանի իշխանությունների՝ Եվրամիությանը մոտենալու ձգտումներին, Ռուսաստանը այս տարվա մայիսի տվյալներով շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը: 2026 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ամբողջ աշխարհի հետ շուրջ 7.9 միլիարդ դոլար է կազմել, որի 28 տոկոսը՝ գրեթե 2.2 միլիարդ դոլարը Ռուսաստանի հետ շրջանառությունն է:

Վիճակագրական կոմիտեն այսօր է հրապարակել ցուցանիշները: Ըստ այդ տվյալների՝ թեև Ռուսաստանն առևտրային գործընկերների շարքում առաջինն է, այդ երկրի մասնաբաժինը մեծ տեմպերով նվազում է: Անցած տարի նույն ժամանակահատվածում երկու երկրները շուրջ 600 միլիոն դոլարով ավելի շատ առևտուր էին արել՝ ընդհանուրի 35.1 տոկոսը:

«Մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում: Ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործենք», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը թեև աճում է, սակայն Ռուսաստանի հետ առևտրի նվազման բացն ամբողջությամբ չի լրացնում: Այս տարվա առաջին հինգ ամիսներին Եվրամիության բոլոր երկրների հետ Հայաստանը շուրջ 1.4 միլիարդ դոլարի առևտուր է արել, ինչը ընդհանուրի շուրջ 17 տոկոսն է:

Անցած տարի նույն ժամանակահատվածում Եվրամիության երկրների հետ շրջանառությունը 420 միլիոն դոլարով ավելի քիչ էր, կամ ընդհանուրի շուրջ 12 տոկոսը:

Ընդ որում՝ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ոչ թե Հայաստանից Ռուսաստան մեկ միլիարդ դոլարն անցնող արտահանումն է կտրուկ նվազել, այլ՝ ներկրումը, չնայած Մոսկվան այժմ հենց հայկական ապրանքների մուտքն է Ռուսաստան արգելում՝ գյուղմթերքից մինչև ալկոհոլային խմիչք, ձկներից մինչև ծաղիկներ ու հանքային ջուր:

Ռուսական սահմանափակումների ազդեցությունը Հայաստանից արտահանման վրա կերևա արդեն հաջորդ ամիսների վիճակագրությամբ՝ հենց բերքահավաքի այս ակտիվ շրջանում արգելքներ դրեցին:

Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանից մատակարարումները նվազել են ավելի քան 30 տոկոսով: Այս տարվա հունվար-մայիսին 2025-ի համեմատ ավելի քան 500 միլիոն դոլար ընդհանուր գնով պակաս ռուսական արտադրանք է Հայաստանի շուկա մտել:

Եվրամիության հետ առևտրի աճի հիմնական շարժիչ ուժը, մինչդեռ, Հայաստանից արտահանումն է. արդեն ավելի քան 450 միլիոն դոլարի հայկական ապրանք է ԵՄ երկրներ հասել՝ գրեթե երկու անգամ ավելի շատ, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ