Bankomat

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը հարցականի տակ է դրել Հայաստանում Firebird-ի ԱԲ կենտրոնի անվտանգությունը

Լուրեր|2026/10/08 18:02
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը հարցականի տակ է դրել Հայաստանում Firebird-ի ԱԲ կենտրոնի անվտանգությունը

Ալեքսեյ Շևցովը պնդել է, թե կենտրոնի տվյալները կարող են հասանելի դառնալ ԱՄՆ-ին, իսկ Երևանից արձագանք դեռ չկա։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը կասկածի տակ է դրել Հրազդանի մերձակայքում բացված Firebird-ի Արհեստական բանականության գործարանի աշխատանքի անվտանգությունը։ ТАСС-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ նման տվյալների կենտրոնները կարող են օգտագործվել «արևմտյան հատուկ ծառայությունների» շահերից ելնելով՝ վերլուծական և հետախուզական աշխատանքի համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի ու Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ։

Շևցովը իր հայտարարությունները կապել է այն հանգամանքի հետ, որ Firebird ընկերությունը, նրա խոսքով, ենթարկվում է ամերիկյան օրենսդրությանը։ Ռուսաստանի պաշտոնյան պնդել է, որ այդ դեպքում սերվերների վրա մշակվող տվյալները կարող են հասանելի դառնալ ԱՄՆ հատուկ ծառայություններին, այդ թվում՝ Հայաստանի պետական հաստատությունների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները՝ առանց հայաստանյան իշխանությունների համաձայնության։

Նա նաև ասել է, թե կենտրոնի հզորությունների ընդլայնումը կարող է էլեկտրաէներգիայի դեֆիցիտի ռիսկեր ստեղծել։ Այս հայտարարությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ Երևանից առայժմ չեն հնչել։

Firebird-ի Արհեստական բանականության գործարանը բացվել է օգոստոսի 8-ին Հրազդանի մերձակայքում։ Նախագծում, ըստ հրապարակված տվյալների, ներդրվել է մոտ 500 մլն դոլար, իսկ կենտրոնն արդեն գործարկվել է ավելի քան հազար GPU-ներով՝ NVIDIA-ի պրոցեսորներով աշխատող ենթակառուցվածքով։

Bloomberg-ի տվյալներով՝ հզորությունների 20 տոկոսը նախատեսված է հայաստանյան, իսկ 80 տոկոսը՝ միջազգային ընկերությունների համար։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության այժմ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը նախկինում վստահեցրել էր, որ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան բավարար է գործարանի պահանջարկը ծածկելու համար։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ