
2023 թվականին Porsche-ը ներկայացրել էր Mission X հիպերքարի կոնցեպտը՝ ամբողջությամբ էլեկտրական մոդել, որը պետք է դառնար 918 Spyder-ի իրավահաջորդը։ Սակայն այժմ գերմանական արտադրողը վերանայում է իր զարգացման ռազմավարությունը՝ ֆինանսական դիրքերն ամրապնդելու նպատակով, և այդ պայմաններում Mission X-ի սերիական տարբերակի թողարկումը, ըստ ամենայնի, հարցականի տակ է։
Auto News-ի տվյալներով՝ Porsche-ի ղեկավարությունը դիտարկում է միջին շարժիչով նոր սուպերքար ստեղծելու տարբերակը, որը կարող է հիմնված լինել Audi Nuvolari-ի վրա։ Ապագա մոդելի կառուցվածքում, ըստ նույն աղբյուրի, կօգտագործվեն նաև Lamborghini Temerario-ի բաղադրիչներ։

Այս մոտեցումը համապատասխանում է Porsche-ի ծախսերի օպտիմալացման ներկայիս քաղաքականությանը։ Եթե ընկերությունը ընտրի Nuvolari-ն որպես հիմք, ապա նոր մոդելի մշակման վրա կարող է խնայել միլիարդավոր եվրոներ։ Պարբերականի տեղեկություններով՝ գերմանական ընկերության վերահսկիչ խորհուրդը մոտ ապագայում պետք է որոշում ընդունի առաջատար մոդելի հետագա ճակատագրի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, անկախ այդ որոշումից, Porsche-ը մտադիր է շարունակել իր մոդելային շարքի զարգացումը 911 սուպերքարի շուրջ։ Ընկերությունը չի նախատեսում 911-ը վերածել էլեկտրամոբիլի։ Բացի այդ, Porsche-ը ցանկանում է ավելի մեծ ուշադրություն դարձնել ավտոմեքենաների անհատականացման ծրագրին, քանի որ այդ ուղղությունն ապահովում է բարձր շահութաբերություն։
Աղբյուր՝ b24.am
