Bankomat

Փեզեշքիանը պատերազմը շարունակելու կողմ չէ, բայց կոչ է անում ուժեղացնել Իրանը

Լուրեր|2026/09/12 02:01
Փեզեշքիանը պատերազմը շարունակելու կողմ չէ, բայց կոչ է անում ուժեղացնել Իրանը

Իրանի նախագահը համալսարաններին կոչ է արել օգնել կառավարությանը, այդ թվում՝ տնտեսության հարցերում։

Մասուդ Փեզեշքիան, Իրանի նախագահ, 1-ը սեպտեմբերի, 2026թ.

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ չի աջակցում պատերազմի շարունակմանը, սակայն երկրի դիմադրողականությունը պետք է մեծացվի, որպեսզի ապագա հնարավոր մարտահրավերների պայմաններում Թեհրանը չհայտնվի ավելի թույլ բանակցային դիրքում։ Այդ մասին, ISNA-ի փոխանցմամբ, նա ասել է Իրանի առաջատար համալսարանների ղեկավարների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ առաջիկա զարգացումների ֆոնին Իրանը պետք է ամրապնդի իր ներուժը։ Փեզեշքիանը շեշտել է, որ բուհերը կարող են աջակցել կառավարությանը «տնտեսության, կառավարման, մշակույթի, գրականության և բոլոր ոլորտներում»։

Իրանի նախագահը նաև նշել է, որ կառավարությունը պետք է ավելի ակտիվ օգտվի Z սերնդի՝ 1997-ից 2012-ը ծնված ուսանողների ներուժից։ Նա ասել է, որ կարևոր է, որպեսզի երիտասարդները բողոքի ակցիաների փոխարեն ներգրավվեն երկրի խնդիրների լուծման գործում։

Փեզեշքիանը հավելել է, որ որպես նախագահ՝ քաղաքական նախապատվություններ չունի և պատրաստ է ընդունել յուրաքանչյուրի աջակցությունը, եթե այն նպաստում է երկրի խնդիրների լուծմանը՝ անկախ քաղաքական հայացքներից։ Նրա ձևակերպմամբ՝ ինքը կոնֆլիկտ չունի «ոչ ձախի, ոչ աջի, ոչ կրոնականի, ոչ էլ ոչ կրոնականի» հետ։

Նա նաև զգուշացրել է, որ տնտեսական միջոցառումները պետք է համապատասխանեն երկրի իրական պայմաններին, հակառակ դեպքում դրանք կարող են հանգեցնել բացասական հետևանքների և կորուստների՝ ակնկալվող արդյունքի փոխարեն։

Այս հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն շարունակում է Իրանի ծովային շրջափակումը, ինչպես նաև պահպանում է անցած ամիս հայտարարված խիստ տնտեսական պատժամիջոցները, որոնք, ըստ հրապարակման, լուրջ խնդիրներ են ստեղծում Թեհրանի համար։

Հունիսին Թեհրանը և Վաշինգտոնը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով, սակայն մի քանի շաբաթ անց պայմանավորվածությունը խախտվել էր։ Վերջին շաբաթներին կողմերը կրկին պարբերաբար հարվածներ են հասցնում միմյանց։ Իրանը նաև այսօր հայտարարել է, որ Հորմուզում խոցել է ամերիկյան ջրային դրոն։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ