Bankomat

Փեզեշքիանը առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+Իրան» համագործակցության ձևաչափ

Լուրեր|2026/10/10 00:01
Փեզեշքիանը առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+Իրան» համագործակցության ձևաչափ

Իրանի նախագահը ձևաչափը ներկայացրել է որպես երկխոսության և գործնական համագործակցության ճկուն մեխանիզմ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափ։ Նրա խոսքով՝ այն պետք է դառնա երկխոսության և համագործակցության ճկուն ու արդյունավետ մեխանիզմ։

Փեզեշքիանը նշել է, որ տարածաշրջանային դիվանագիտությունը պետք է ծառայի ճգնաժամերի կառավարմանը, կապերի պահպանմանը, հակամարտությունների տարածման կանխարգելմանը և գործնական համագործակցության ակտիվացմանը։ Նա ընդգծել է, որ Իրանը կողմ է կապերի խորացմանը, ոչ թե մասնատմանը։

Իրանի նախագահի խոսքով՝ երկիրը ցանկանում է համագործակցություն՝ կործանարար մրցակցության փոխարեն, փոխկախվածություն՝ միակողմանի կախվածության փոխարեն, ինչպես նաև անվտանգություն, որը հիմնված է վստահության և ընդհանուր շահերի վրա։

Փեզեշքիանը նաև ասել է, որ Իրանը «դարպաս» է, որը Կենտրոնական Ասիան կապում է բաց ծովին, իսկ երկրի նավահանգիստները Պարսկական և Օմանի ծոցերում ելք են ապահովում դեպի Հարավային Ասիա, Աֆրիկա և Եվրոպա։

Նա հավելել է, որ «Հյուսիս-Հարավ» և «Արևմուտք-Արևելք» միջանցքները մրցակիցներ չեն, այլ մեկ միասնական տարածաշրջանային ցանցի բաղադրիչներ։ Ելույթի ավարտին Իրանի նախագահը հույս է հայտնել, որ գագաթնաժողովը գործնական քայլ կլինի դեպի մի տարածաշրջան, որտեղ Միջին Ասիան, Հարավային Կովկասը և Իրանը հանդես կգան որպես համագործակցության միասնական ցանցի մաս։

Աղբյուր՝ tert.am

Տարածել

Կարդացեք նաեվ