Bankomat

ՊԵԿ-ը մեղմացրել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի չափանիշները

Լուրեր|2026/10/09 18:02
ՊԵԿ-ը մեղմացրել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի չափանիշները

Նոր կարգավորումները կգործեն 2027-ից և նախատեսում են նաև ավելի բարենպաստ սպասարկում։

ՊԵԿ. Նոր հնարավորություններ՝ օրինապահ հարկ վճարողների համար․ վերանայվել են հավաստագրի տրամադրման չափանիշներն ու ներդրվել նոր կարգավորումներ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 1449-Ն որոշմամբ վերանայվել են օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման չափանիշները և ներդրվել են նոր կարգավորումներ։ Փոփոխությունների նպատակը, ըստ ՊԵԿ-ի, ավելի բարենպաստ պայմանների ստեղծումն է, հարկային կամավոր կարգապահության խրախուսումը և հարկային մարմնի ու հարկ վճարողի գործընկերային հարաբերությունների ամրապնդումը։

Որոշմամբ մեղմացվել են հավաստագիր ստանալու մի շարք պահանջներ։ 2027 թվականի հունվարի 1-ից թույլատրելի իրավախախտումների հետևանքով առաջացած լրացուցիչ պարտավորությունների սահմանաչափը կկազմի ԱԱՀ-ով հարկման բազայի մինչև 0,1 %-ը, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամը։ Ներկայում այդ շեմը 0,05 % է և առավելագույնը՝ 4 մլն դրամ։

Նույն ժամանակ սահմանվել է, որ հարկային հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները և այլ փաստաթղթերը ուշ ներկայացնելը, ինչպես նաև հարկերի, տուրքերի, վճարների և կանխավճարների ուշ վճարումը չեն խոչընդոտի հավաստագիր ստանալուն, եթե նման խախտումները արձանագրվել են ոչ ավելի, քան երկու անգամ։

Կառավարությունը սահմանել է նաև լրացուցիչ չափանիշներ։ 2027 թվականից հարկ վճարողը կկարողանա հավակնել օրինապահի կարգավիճակին, եթե դիտարկվող ժամանակահատվածում և նախորդող երկու հարկային տարիներին իր գործունեության արդյունքում հարկային վնաս չի ունեցել։ Բացի այդ, դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար նա պետք է հաշվարկած լինի առնվազն երկու աշխատողի՝ նվազագույնից բարձր աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ։

Հավաստագիր ստանալու համար տնտեսվարողը նաև պետք է, իր գործունեության ոլորտից կախված, ունենա բոլոր պարտադիր լիցենզիաները, թույլտվությունները և արտոնագրերը։ Միաժամանակ, 2027 թվականի հունվարի 1-ից հավաստագիրը կտրամադրվի անժամկետ՝ ներկայիս մեկ տարվա փոխարեն, սակայն եռամսյակային մշտադիտարկման արդյունքներով դրա գործողությունը կարող է դադարեցվել։

ՊԵԿ-ի տվյալներով, հաջորդ տարվա սկզբից օրինապահ հարկ վճարողների համար կգործեն նաև ավելի բարենպաստ սպասարկման և հարկային վարչարարության պայմաններ։ Դրանց թվում են առաջնահերթ և անհատական սպասարկումը համապատասխան մասնագետի միջոցով, ինչպես նաև համալիր հարկային ստուգումների պլանավորման ժամանակ ռիսկայնությունը գնահատող չափանիշների նկատմամբ 0,8 գործակցի կիրառումը, ինչը պետք է նվազեցնի ստուգման ենթարկվելու հավանականությունը։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ